Օպերատորները կարծում են, որ MNP հնարավոր ներդրումը պետք է հստակ կարգավորվի

12.01.2009 | 12:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏել” (Beeline ապրանքանիշ) եւ Vivacell-MTS բջջային օպերատորները ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության խնդրանքով մեկնաբանել են Հայաստանում Mobile Number Portability (MNP) ծառայության ներդրման հնարավորությունը, որը թույլ է տալիս հաճախորդներին բջջային մեկ օպերատորից անցում կատարել մյուսին` պահպանելով իրենց բջջայինի ամբողջական համարը:

“MNP ներմուծումը պետք է կարգավորվի օրենքով եւ պարունակում է ինչպես դրական, այնպես էլ խնդրահարույց տարրեր: Նախ, յուրաքանչյուր բջջային օպերատորի համար կարեւոր հարց է, թե ինչպե՞ս եւ ու՞մ կողմից է իրականացվելու համարների գրանցումը: MNP ներդրումը կապված է էական ծախսերի հետ եւ թեեւ կհանգեցնի ոչ գնային մրցակցության խստացմանը, սակայն կարող է ազդել ընկերությունների ծախսերի վրա եւ մեծացնել կոռուպցիոն ռիսկերը”,- ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության հետ հարցազրույցում ասել է Beeline-ի մամլո քարտուղար Անուշ Բեղլոյանը:

“ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշտապես դրական է վերաբերում ցանկացած գործունեության, որը հավելյալ արժեք է ստեղծում բաժանորդի համար: Այնուամենայնիվ, MNP-ն պետք է ուղղակիորեն կարգավորվի նորմերով ու կանոնակարգերով: Օպերատորները, անկասկած, կձգտեն ավելի որակյալ սպասարկում իրականացնել: Ամենակարեւորը, սակայն, այն է, որ արդեն իրականացման փուլում պետք է ապահովվի կապիտալ եւ ընթացիկ ծախսերի, ինչպես նաեւ մրցակցության նորմերի պատշաճ վերահսկողություն: Հետեւաբար,  նախքան ծառայությունը ներդնելը, ցանկալի է, որ կարգավորիչ մարմնի կողմից մշակվի ու ընդունվի MNP-ն կարգավորող հստակ օրենսդրություն: Իբրեւ օպերատոր` մեր ընկերությունը կգործի օրենսդրության համաձայն”,- ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության հետ հարցազրույցում ասել է Vivacell-MTS-ի PR-մասնագետ Վահե Իսահակյանը:

Հունվարի 9-ին Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի /ՀԾԿՀ/ հեռահաղորդակցության վարչության պետ Գեւորգ Գեւորգյանը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության հետ բացառիկ հարցազրույցում ասել էր, որ ՀԾԿՀ-ն դիտարկում է երկրի տարածքում Mobile Number Portability (MNP) ծառայության ներդրման հնարավորությունը, որը թույլ է տալիս հաճախորդին բջջային մեկ օպերատորից անցում կատարել մյուսին` միաժամանակ պահպանելով իր բջջայինի ամբողջական համարը:

Նա նշել էր, որ Եվրոպական փորձի եւ տեղական շուկայի առանձնահատկությունների ուսումնասիրման նախնական փուլն ավարտելուց հետո ՀԾԿՀ-ն կներկայացնի Հայաստանում Mobile Number Portability ծառայության հնարավոր ներդրման հետ կապված առաջարկները:

ՀԾԿՀ ներկայացուցիչը չէր նշել օպերատորների հետ այդ հարցի առարկայական քննարկման կոնկրետ ժամկետները, քանի որ MNP-ի ներդնումը ենթադրում է նրանց միջեւ փոխգործակցության հայեցակարգի մշակում: Գեւորգ Գեւորգյանը հայտնել էր, որ գործող օպերատորների հետ սկզբնական աշխատանքային քննարկումներ են անցկացվել, սակայն “մինչեւ ընկերություններին միլիոնավոր ներդրումներ պարտավորեցնելը ՀԾԿՀ-ն պետք է մանրակրկիտ վերլուծություն կատարի եւ համապատասխան հիմնավորումներ ունենա”:

Դիտում՝ 10878
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW