Հունական SKY express ավիաընկերությունը սկսել է թռիչքներ իրականացնել Աթենք-Երեւան-Աթենք երթուղով։ Աթենքի միջազգային օդանավակայանից դեպի «Զվարթնոց» օդանավակայան չվերթերն իրականացվում են շաբաթական երեք անգամ՝ ամեն չորեքշաբթի, ուրբաթ եւ կիրակի։ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանը նշել է, որ դեպի Աթենք եւս մեկ երթուղու շահագործումը ողջունելի հավելում է Հայաստանի եւ Հունաստանի միջեւ աճող կապերի համար՝ առաջարկելով ճանապարհորդության այլընտրանքային տարբերակներ: «SKY express» ավիաընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Գերասիմոս Սկալտսասն ասել է, որ այս նոր երթուղին ուղիղ թռիչքներով դեպի Հայաստանի մայրաքաղաք ոչ միայն բավարարում է դեպի Երեւան ճամփորդելու աճող պահանջարկը, այլեւ խթանում ավելի սերտ կապեր Հունաստանի եւ Հայաստանի միջեւ: Հայաստանում Հունաստանի դեսպան Խրիստոս Սոֆյանոպուլոսն իր հերթին վստահություն է հայտնել, որ նոր երթուղին կխթանի առեւտրի հնարավորությունները, զբոսաշրջությունը եւ մարդկանց միջեւ հարաբերություններն այս երկու արդեն շատ բարեկամ ժողովուրդների միջեւ: Նա նաեւ հույս է հայտնել, որ սա հնարավորություն կտա ավելի շատ հույների այցելել այստեղ որպես զբոսաշրջիկներ՝ վայելելու Հայաստանի գեղեցկությունը եւ նրա ընդլայնվող զբոսաշրջությունը: Tweet Դիտում՝ 1588