Հավատարիմ իր սոցիալական պատասխանատվությանը՝ ԱրարատԲանկը միանում է «Իմ անտառ Հայաստան» կազմակերպության նախաձեռնությանը՝ աջակցելով Շառլ Ազնավուրի անվան անտառի հիմնմանը: Որպես նոյեմբերի 18-ին կայանալիք բարեգործական համերգի գլխավոր հովանավոր՝ բանկն իր ներդրումն է բերում հանճարեղ արվեստագետի 100-ամյակին նվիրված այս յուրահատուկ նախագծին, որի նպատակն է ստեղծել 100 հեկտար անտառային տարածք:«Շառլ Ազնավուրի անվան անտառի հիմնումը մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այն միավորում է մշակութային ժառանգության պահպանումն ու բնապահպանական արժեքների ստեղծումը: Որպես «Իմ անտառ Հայաստան»-ի երկարամյա գործընկեր՝ մենք հետեւողականորեն նպաստում ենք Հայաստանի անտառապատմանը, եւ այս նախաձեռնությունը դառնում է մեր համագործակցության հերթական նշանակալի փուլը: Հատկանշական է, որ Ազնավուրի 100-ամյակի առթիվ մենք ստեղծում ենք կենդանի, աճող հուշարձան, որը տարեցտարի կընդարձակվի ու կծաղկի՝ խորհրդանշելով մեծ արվեստագետի անմահ ժառանգությունը: Համոզված եմ, որ այս դաշնամուրային երեկոն կդառնա կարեւոր քայլ մեր հավակնոտ նպատակի՝ 100 հեկտար կանաչ հուշարձանի հիմնման ճանապարհին»,- նշել է ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանը։«Շառլ Ազնավուրը միլիոնավոր մարդկանց սրտերում է Հայաստանում, Ֆրանսիայում եւ աշխարհում ամենուր, եւ մենք ցանկանում ենք հնարավորություն տալ բոլորին մասնակցել նրա անունը կրող անտառի ստեղծմանը։ Այն կդառնա նրա անվան, նրա լեգենդար երգերի հավերժության, մեր երկրին ու մեր մոլորակին սատարելու խորհրդանիշը։ Մենք շնորհակալ ենք «Ազնավուր» հիմնադրամին եւ ԱրարատԲանկին արագ արձագանքի եւ առատաձեռն աջակցության համար», - նշել է «Իմ անտառ Հայաստան»-ի հիմնադիր եւ տնօրեն Անտրէ Գումուշճեանը։ «Շառլ Ազնավուրը պարզապես արտիստ չէր, նա ապրում էր համամարդկային ցավերով, որոնք մշտապես արտացոլվում էին իր երգարվեստում եւ հարցազրույցներում։ Այդպես, «Մոլորակը մեռնում է» (La terre meurt) երգում Շառլ Ազնավուրն անդրադառնում է մարդկանց կողմից Երկրի աղտոտմանն ու բնապահպանական այլ խնդիրների։ Որպես նրա արժեքները կրող եւ տարածող՝ «Ազնավուր» հիմնադրամում մենք համոզված ենք, որ բնապահպանական նախաձեռնություններն անչափ կարեւոր են ու հրատապ։ Մենք մեծ ոգեւորությամբ ընդունեցինք Շառլ Ազնավուրի անվան անտառի հիմնման գաղափարը եւ արեցինք առաջին ներդրումը։ Լիահույս ենք, որ այլ կազմակերպություններ եւ անհատներ եւս կմիանան», - ընդգծել է «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը։«ԱրարատԲանկի աջակցությունը չի սահմանափակվի միայն համերգի հովանավորությամբ: Հավատարիմ մնալով մեր կորպորատիվ մշակույթին՝ մենք ներգրավելու ենք նաեւ մեր աշխատակիցներին, որոնք անձամբ կմասնակցեն ծառատնկման աշխատանքներին: Սա մեզ համար ոչ միայն ֆինանսական ներդրում է, այլեւ յուրաքանչյուր աշխատակցի անձնական ներգրավվածության հնարավորություն՝ հանուն կանաչ ապագայի»,- ասել է բանկի գործադիր տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական Աննա Ալլահվերդյանը:Համերգը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում նոյեմբերի 18-ին, ժամը 19:30-ին: Հանրահայտ դաշնակահար Հայկ Մելիքյանը հանդես կգա հատուկ ծրագրով, որը ներառում է Գեորգի Գյուրջիեւի եւ Լեոշ Յանաչեկի ստեղծագործություններ, Էլեն Յոլչյանի՝ հատուկ այս առիթի համար գրված «Անտառի առեղծվածը» նոր ստեղծագործությունը, ինչպես նաեւ Ազնավուրի երգերի դաշնամուրային իմպրովիզացիաներ: Tweet Դիտում՝ 3807