Մի դրամի ուժի հոկտեմբեր ամսվա «մի դրամների» ողջ գումարը՝ 4․401․ 021 դրամ, կփոխանցվի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի՝ մարզաբնակ երեխաներին ուղղված կրթական ծրագրերի իրականացմանը։ IDBank եւ Իդրամ ընկերություններից տեղեկացնում են, որ նոյեմբեր ամսվա «Մի դրամի ուժի» ողջ հասույթը կփոխանցվի Armenia Tree Project բարեգործական հիմնադրամի՝ «Տնամերձ տնկարաններ» ծրագրին։ Ծրագրում ներառված է 113 գյուղաբնակ ընտանիք․ նրանք աջակցություն են ստանում տնամերձ հողամասերում տնկանյութ արտադրելու եւ տնկարաններ ստեղծելու համար։ «Մի դրամի ուժի» ֆինանսավորմամբ այդ տնկարաններում աճեցված տնկանյութը կգնվի եւ կօգտագործվի անտառապատման նպատակով։ Իդրամի եւ IDBank-ի հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանի խոսքով՝ ընկերությունների համար ապագային միտված ծրագրերի շարքում անտառային տնտեսությունների հիմնախնդրի լուծումը առաջնայիններից է․ «Անտառը մեր երեխաների առողջությունն է, մեր թթվածինը եւ կարեւորելով այս ոլորտի խնդիրների լուծումը՝ «Մի դրամի ուժը» արդեն երրորդ նմանօրինակ ծրագիրն է ֆինանսավորում։ Շատ ուրախ ենք, որ ներկայացված ծրագիրը, բնապահպանական լինելուց բացի, նաեւ սոցիալական էական բաղադրիչ ունի՝ բարելավում է գյուղաբնակ մեր հայրենակիցների կենսամակարդակը։ Վստահ ենք, որ սա լավագույն ներդրումն է մեր երկրի առողջ ապագայի համար եւ որպես սոցիալական բարձր պատասխանատվությամբ ընկերությունների ծրագիր, «Մի դրամի ուժը» շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել բնապահպանական նախաձեռնությունները»։ Armenia Tree Project բարեգործական հիմնադրամի տնօրեն Ռուզաննա Առուստամյանը նշել է, որ «Տնամերձ տնկարաններ» ծրագիրը լավագույնս է արտահայտում հիմնադրամի առաքելությունը՝ բարելավել մարդկանց կենսամակարդակը ծառերի միջոցով. «Համագործակցելով «Մի դրամի ուժը» ծրագրի հետ՝ ոչ միայն կլուծենք գյուղաբնակ ընտանիքների սոցիալական խնդիրները, ստեղծելով նրանց համար եկամտի աղբյուր, այլեւ կհիմնենք նոր անտառներ նրանցից գնված տնկանյութով»։«Մի դրամի ուժի» ծրագրերին աջակցելու համար բոլոր վճարումներն անհրաժեշտ է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով, Իդրամի եւ բանկի տերմինալներով, եւ յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կտրամադրեն կարեւորագույն նշանակություն ունեցող ծրագրերի եւ նախաձեռնությունների իրագործմանը։ Իդրամով վճարել կարող եք ավելի քան 22․500 վաճառակետերում եւ շուրջ 1000 առցանց խանութներում։ Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 7238