ԿԲ. 2024-ի 3-րդ եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվությունը թուլացել է

29.10.2024 | 15:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #ՏԱՑ

2024 թ-ի 3-րդ եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվության աճը շարունակել է աստիճանաբար թուլանալ՝ ձեւավորվելով երկարաժամկետ կայուն աճի գնահատվող (5%-ի շուրջ) մակարդակից բարձր եւ հունվար-սեպտեմբերին կազմելով տ/տ 8.7%:

Կենտրոնական բանկից հայտնում են, որ աճին շարունակել են էական նպաստում ունենալ շինարարության, առեւտրի եւ ծառայությունների ճյուղերը: Նշվում է, որ տնտեսական ակտիվության աճի դանդաղմանը զուգընթաց որոշակիորեն թուլացել է աճի կենտրոնացվածությունը:

«2022թ-ից դիտարկվող բարձր արտաքին պահանջարկը 2024թ-ին աստիճանաբար թուլանում է, ինչն արտահայտվում է զբոսաշրջային հոսքերի կայունացմամբ եւ զբոսաշրջիկների իրական ծախսերի նվազմամբ: Համաշխարհային պահանջարկի թուլացման ֆոնին ՏՏ ծառայությունների թողարկումը եւ արտահանումը շարունակել են դանդաղման միտումները՝ բարձր արտադրողական օտարերկրյա աշխատուժի որոշակի արտահոսքի պայմաններում։ Մյուս կողմից՝ արտաքին առեւտրային հոսքերի թուլացմանը զուգահեռ, նկատվում են արդյունաբերության «ավանդական» ենթաճյուղերի (այդ թվում՝ կոնյակ, ծխախոտ, պատրաստի սնունդ եւ այլն) թողարկման եւ արտահանման ընդլայնման որոշակի թույլ ազդակներ։ Այդուհանդերձ, վերոնշյալ ճյուղերի աճի վերաբերյալ ռիսկերը պահպանվում են:

Ներքին պահանջարկի պայմանների վերաբերյալ անորոշությունը պահպանվում է: Մի կողմից՝ մանրածախ առեւտրի, սպառողական վարկերի, ներքին տուրիզմի եւ ծառայությունների բարձր աճերը վկայում են ուժեղ ներքին պահանջարկի մասին: Այս համատեքստում, սպառողական վարկերի տոկոսադրույքները պահպանվում են համեմատաբար բարձր մակարդակում՝ արտահայտելով վերջինիս նկատմամբ բարձր պահանջարկը: Մյուս կողմից դեռեւս որոշակիորեն կենտրոնացված տնտեսական աճը, դրամական փոխանցումների շարունակական նվազումը, աշխատաշուկայի պայմանների որոշակի թուլացումը եւ ընդհանուր թույլ գնաճային միջավայրը կարող են վկայել համեմատաբար թույլ պահանջարկի միջավայրի մասին: Պահպանվում են անորոշությունները նաեւ ներքին պահանջարկի հեռանկարի տեսանկյունից: Սա հիմնականում վերաբերում է նախորդ տարիներին մասնավոր հատվածում եկամուտների համեմատությամբ պարտքի բեռի նվազմանը եւ կուտակված խնայողությունների օգտագործման ուղղություններին:

Հարկաբյուջետային քաղաքականության կողմից պահանջարկի լրացուցիչ խթանման հնարավոր ռիսկերը եւս մնում են առարկայական: Վերջինս հիմնականում պայմանավորված է հարկային եկամուտների ծրագրի շարունակական թերակատարման եւ դրան զուգահեռ սոցիալական աջակցության լրացուցիչ ծրագրերի իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված ընթացիկ ծախսերի հնարավոր ավելացման ռիսկերով»,- ասվում է ԿԲ հաղորդագրությունում:

Դիտում՝ 849
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW