$50 միլիոն կուղղվի Հայաստանում բիզնեսի զարգացմանը

24.10.2024 | 17:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա բանկ #ԱՄՆ ԶՖԿ
Ակբա բանկն առաջինը Հայաստանում համագործակցություն է մեկնարկում ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (ԶՖԿ) հետ, որի արդյունքում $50 միլիոն կուղղվի Հայաստանում միկրո, փոքր եւ միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ) աջակցելու, տնտեսական աճը խթանելու համար։

Միջոցների առնվազն 50%-ը կտրամադրվի կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկություններին՝ ստեղծելով հատուկ հնարավորություններ վերջիններիս զարգացման համար։

«Առաջին անգամն է, որ ԶՖԿ-ն պայմանագիր է կնքում հայաստանյան կազմակերպության, մասնավորապես, Ակբա բանկի հետ։ Ստացված ռեսուրսներն ուղղելու ենք մեր երկրի միկրո, փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը։ Հատուկ շեշտվելու է կանանց դերը այդ բիզնեսներում եւ ներգրավված միջոցների էական մասն ուղղվելու է կանանց ղեկավարությամբ իրականացվող բիզնեսների զարգացմանը։ Այս համագործակցությամբ մենք նպաստելու ենք ամբողջ Հայաստանում բիզնեսի շարունակական զարգացմանը»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

«Այսօր նշում ենք Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ կարեւոր գործակցությունը: Ակբա բանկի հետ գործակցությունը մեր ընդհանուր արժեքների եւ Հայաստանում տնտեսական աճը խթանելու մասին է: Փոքր բիզնեսն ազատ շուկայի շարժիչ ուժն է, այն ստեղծում է աշխատատեղեր եւ հնարավորություններ համայնքների համար։ ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան օգտագործում է իր գործիքները եւ լիազորությունները՝ ապահովելու ֆինանսավորման այնպիսի հասանելիություն, որը կօգնի զարգացնել հայկական բիզնեսները եւ առաջ մղել Հայաստանի տնտեսությունը»,- նշել է ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի փոխտնօրեն Նիշա Բիսվալը։

«Սա ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի կողմից արված երբեւէ ամենամեծ ներդրումն է Հայաստանում, որը ստանում է Ակբա բանկը: Կարծում եմ՝ սա կարեւոր քայլ է փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորման հասանելիության ընդլայնման համար: Այն հնարավորություն կտա տեղական բիզնեսներին աճել, իրականացնել նորարարություններ եւ նոր աշխատատեղեր ստեղծել»,- նշել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։

«Այս համագործակցությունը ոչ միայն աջակցում է Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկություններին, այլեւ եւս մեկ կարեւոր քայլ է ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ տնտեսական հարաբերությունների շարունակական խորացման ուղղությամբ։ Այս վարկային ծրագիրը կօգնի հայկական ձեռնարկություններին ընդլայնվել, զարգանալ եւ մրցունակ լինել թե՛ տեղի եւ թե՛ միջազգային շուկաներում»,- նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

«Ակբա բանկը մեր բանկային համակարգի առաջատարներից մեկն է եւ երկար տարիներ ցուցաբերում է կայուն ֆինանսական ցուցանիշներ։ Բանկը ներդրել է լավագույն ստանդարտները հատկապես կորպորատիվ կառավարման ոլորտում եւ երկար տարիներ գտնվել է հայ գործարարների, գյուղատնտեսական ոլորտի եւ ՓՄՁ ոլորտի կողքին։ Ակբա բանկի փորձառու մասնագետները դարձել են այդ գործարար շրջանակի գործընկերներն ու խորհրդատուները, մեր գործարարների կողքին են իրենց նախաձեռնությունների սկզբից մինչեւ հաջող ավարտը»,- նշել է ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Դավիթ Նահապետյանը։   

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Դիտում՝ 1663
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW