Գորիսի թիվ 2 դպրոցում երեխաները ֆրանսերենի դասընթացներն արդեն անցկացնում են տեխնիկապես վերազինված եւ կահավորված դասասենյակում։Ֆրանսերենի դասասենյակն ամբողջությամբ կահավորել եւ տեխնիկապես վերազինել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը՝ «Կայուն զարգացման հայկական հիմնադրամի» հետ միասին։ Դասասենյակի կահավորումը թույլ է տալիս շուրջ 350 աշակերտի ավելի արդյունավետ դասընթացներ անցկացնել։«Ծրագիրը շատ ողջունելի է, քանի որ իրականացման վայրը հենց դպրոցն է, որտեղ բավականին մեծ թվով շահառուներ ունենք։ Մենք գիտենք, որ ֆրանսերենը ավելի բարդ է տրվում երեխաներին, իսկ նման դասասենյակում երեխաները, կարծես թե, ավելի հեշտությամբ են յուրացնում լեզվական կարեւոր հմտությունները։ Այս պահին երեխաները բավականին լավ արդյունքներ են գրանցել»,– նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը:«Մեր նպատակն է օգնել, որ ֆրանսերենը զարգացնենք Հայաստանում։ Պետք է նշեմ, որ մեր աջակցությամբ ֆրանսերենի կահավորված դասասենյակներ ունեցող դպրոցներում ֆրանսերենը շատ բարձր մակարդակի վրա է, ես տպավորված եմ։ Կան նույնիսկ երեխաներ, որոնք երբեւէ չեն լքել Հայաստանը, բայց գերազանց խոսում են ֆրանսերեն»,– նշել է «Կայուն զարգացման հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալեն Տուհադյանը:Այս դասասենյակը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի եւ «Կայուն զարգացման հայկական հիմնադրամի» կողմից ամբողջովին կահավորված եւ տեխնիկապես վերազինված 9-րդ դասասենյակն է։ «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի եւ Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից: Հիմնադրամի ծրագրերն ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը: Tweet Դիտում՝ 1605