Կառավարությունն այսօր հավանություն է տվել Հայաստանի 2025 թվականի պետբյուջեի մասին օրենքի նախագծին: ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշել է, որ նախագծում իրականացվել են որոշ փոփոխություններ ու լավարկումներ: «2025 թ. ՀՆԱ-ն կանխատեսվել է 11 տրիլիոն 50 մլրդ դրամ, տնտեսական աճը՝ 5,6%, ՀՆԱ-ի դեֆլյատորը՝ 3,5%, միջին գնաճը՝ 3,5%: Պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 2 տրիլիոն 873 մլրդ դրամ, որից հարկային եկամուտները՝ 2 տրիլիոն 760 մլրդ դրամ: Հարկային վարչարարության բարելավման, ստվերի դեմ պայքարի, ինչպես նաեւ հարկային քաղաքականության միջոցառումների արդյունքում ակնկալվում է ապահովել հարկեր-ՀՆԱ հարաբերակցության բարելավում՝ 2024 թ. հաստատված բյուջեի համեմատ՝ 0,1, իսկ 2024-ի սպասողականի համեմատ՝ 0,7 տոկոսային կետով՝ հասնելով կառավարության ծրագրով սահմանված 25% թիրախին: Պետական բյուջեի ծախսերը նախատեսում են 3 տրիլիոն 482 միլիարդ դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով՝ 2 տրիլիոն 749 միլիարդ դրամ, իսկ կապիտալ ծախսերի գծով՝ 733 մլրդ դրամ: Ընդ որում՝ կապիտալ ծախսերը նախատեսվում են պատմական մակարդակներից զգալիորեն բարձր մակարդակում՝ տնտեսական եւ անվտանգային ենթակառուցվածքների ամրապնդման համար: Ըստ նախարարի՝ կապիտալ ծախսերի կշիռը ՀՆԱ-ում 2025-ին կհասնի 6,6%-ի:Պետական բյուջեի պակասուրդը նախատեսվում է 609 մլրդ դրամ: «2025 թվականի առկա բյուջետային շրջանակը կառուցվել է պետական բյուջեի կապիտալ ծախսերի բարձր մակարդակի սահմանմամբ, որի ազդեցությունն իր վրա կրում է պետբյուջեի պակասուրդը, որը աճում է մինչեւ 5,5%-ի 2025 թվականին՝ այնուհետեւ միջնաժամկետում նվազելով մինչեւ պարտքի բեռը կայուն պահող 3% մակարդակի: Արդյունքում կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը 2025-ի վերջում կկազմի 53,5%»,-ասել է նախարարը: Tweet Դիտում՝ 1284