ՀՀ բանկերը կփոխհատուցեն արցախցի 264 ուսանողի ուսման վճարը

26.09.2024 | 15:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բանկեր #արցախցի ուսանող
Հայաստանի բանկերի միության անդամ եւ ՀՀ գործող բոլոր 18 առեւտրային բանկերի որոշմամբ եւ համամասնորեն ցուցաբերված աջակցության արդյունքում ֆինանսական աջակցություն կտրամադրվի Լեռնային Ղարաբաղից տեղահանված ուսանողներին, որոնք այժմ սովորում են ԵՊՀ-ում։

Պայմանավորվածությունը ձեռք է բերվել այսօր Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) եւ Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) միջեւ ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում։ Հուշագիրը ստորագրել են ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը եւ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը կարեւորել է համագործակցության սոցիալական բաղադրիչը.

«ԵՊՀ առաջարկին բանկերն արձագանքել են մեծ պատրաստակամությամբ եւ աջակցության վերաբերյալ որոշումը կայացվել է միաձայն։ Հայաստանի բոլոր 18 առեւտրային բանկերը որոշակի համամասնությամբ իրենց մասնակցությունն են ունեցել այս կարեւոր նախաձեռնության իրականացման գործում։ Որոշման համաձայն՝ շուրջ 35 մլն դրամ կուղղվի, մասնավորապես, «Տնտեսագիտություն եւ կառավարում» եւ «Իրավագիտություն» ֆակուլտետների 264 ուսանողի ուսման վարձավճարի փոխհատուցմանը»:

«Երեւանի պետական համալսարանը մշտապես կարեւորում է ուսանողների կրթական եւ սոցիալական կարիքները՝ փնտրելով դրանց լուծման տարբերակներ: Այսօր ստորագրված համագործակցության հուշագիրը ոչ միայն լուծում է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր ուսանողների ուսման վարձավճարների հարցը, այլեւ հիմք ստեղծում ապագայում համատեղ ծրագրերի եւ նախաձեռնությունների իրագործման համար՝ ուղղված ուսանողների պրակտիկ հմտությունների զարգացմանը եւ կրթական հնարավորությունների ընդլայնմանը։ Մենք խորապես գնահատում ենք Բանկերի միության աջակցությունն ու համագործակցելու պատրաստակամությունը»,– նշել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:

Հուշագրի համաձայն՝ կողմերը կարող են կազմակերպել բաց դասեր, սեմինարներ, հրատարակել ուսումնամեթոդական նյութեր, իրականացնել համատեղ հետազոտական նախագծեր, ինչպես նաեւ միջազգային համագործակցային ծրագրեր։ ԵՊՀ ուսանողներին հնարավորություն կընձեռվի նաեւ ուսումնական եւ մասնագիտական պրակտիկաներն անցկացնել ՀԲՄ-ում։ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը կարող է անվճար մասնակցել ՀԲՄ ուսումնական եւ որակավորման կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվող մասնագիտական վերապատրաստման դասընթացներին։
Դիտում՝ 1285
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW