Պետական եկամուտների կոմիտեն մաքսային բարեփոխումների շրջանակում նախաձեռնել է օրենսդրական փոփոխություն, որի արդյունքում ֆիզիկական անձանց ոչ անձնական օգտագործման ապրանքների համար հայտարարագիր կարող է լրացվել նաեւ մաքսային մարմնի կողմից։ ՊԵԿ-ից հայտնում են, որ նորամուծության արդյունքում փոստային կամ սուրհանդակային ծառայություն մատուցող կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց անունով փոխադրվող ապրանքները, որոնք չեն դիտարկվում անձնական օգտագործման ապրանքներ, այսուհետ հնարավոր է հայտարարագրել ոչ միայն մաքսային միջնորդների կողմից կամ ինքնահայտարարագրմամբ, այլեւ քաղաքացու ցանկությամբ՝ մաքսային մարմինն իր փոխարեն կարող է լրացնել ապրանքների հայտարարագիրը, որն իրականացվում է առցանց եւ անվճար: ՊԵԿ էլեկտրոնային առեւտրի եւ օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության աշխատակիցները ֆիզիկական անձանց ներկայացրած դիմումի եւ փաստաթղթերի հիման վրա կարճ ժամանակահատվածում լրացնում են ապրանքային հայտարարագիրը, այնուհետեւ էլեկտրոնային եղանակով ներկայացնում դիմումատուի վավերացմանը: Նշվում է, որ մաքսային մարմնի ներկայացրած ապրանքային հայտարարագիրը ֆիզիկական անձը կարող է վավերացնել էլեկտրոնային ստորագրությամբ կամ ձեռագիր ստորագրությամբ՝ սքանավորված տարբերակն էլեկտրոնային եղանակով ուղարկելով մաքսային մարմնին։ Ապրանքների հայտարարագրի ներկայացման արդյունքում առաջացած մաքսային վճարները ֆիզիկական անձը նույնպես կարող է վճարել առցանց՝ «մեկ պատուհան» հարթակում, ինչպես նաեւ ցանկացած բանկային հավելվածի կամ բանկի միջոցով՝ վճարում կատարելով համապատասխան հաշվեհամարներին: Մաքսային գործառնությունների ավարտից հետո դիմումատուն ապրանքները կարող է ստանալ առաքանիներ փոխադրող ընկերությունից: Tweet Դիտում՝ 1103