Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն ստորագրել են ՀՀ եւ ԱՄՆ միջեւ զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագրի փոփոխությունը: ՀՀ կառավարությունից հայտնել են, որ արդյունքում ավելի քան կրկնապատկվում է ԱՄՆ ՄԶԳ-ի համաձայնագրի շրջանակում տրամադրվող գումարի շեմը՝ $120 միլիոնից դառնալով $250 միլիոն, ինչպես նաեւ ընդլայնվում են համատեղ ծրագրերի ոլորտները:Նշվում է, որ ընդլայնված համաձայնագիրը կներառի այնպիսի առանցքային ոլորտներ, ինչպիսիք են՝ աղետների ռիսկի կառավարումը, կիբեռանվտանգությունը, պարենային եւ էներգետիկ անվտանգությունը, տարածաշրջանային համագործակցությունն ու առեւտուրը, ժողովրդավարական գործընթացները եւ տնտեսական ներառական զարգացումը:«Հայաստանի համար կարեւորը ոչ միայն ֆինանսական աջակցությունն է, այլեւ մեր համատեղ ծրագրերի արդյունքում խթանվող ժողովրդավարական արժեքները, ստեղծարար գաղափարներն ու զարգացած գործարար մշակույթը: Վերջիններիս ներդրումը մեր երկրում թույլ է տալիս իրականացնել հիմնարար բարեփոխումներ եւ բարձրացնել քաղաքացիների կյանքի որակը»,- նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:«Այս փոփոխությունը ցույց է տալիս մեր հանձնառությունը Հայաստանի հետ մեր գործընկերությանը: Մեծացնելով մեր աջակցության ծավալը եւ ընդլայնելով մեր ծրագրերը՝ մենք օգնում ենք Հայաստանին զարգանալ եւ հաջողության հասնել: Մեր աշխատանքը Հայաստանի կառավարության եւ նախարարությունների հետ վճռորոշ դերակատարություն ունի մեր ընդհանուր նպատակներին հասնելու գործում», - ասել է Ջոն Ալելոն: Tweet Դիտում՝ 8579