ՀՀ ԿԲ ղեկավարը ամփոփեց տարվա արդյունքները
29.12.2008 | 17:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. Չնայած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին, անցնող տարին Հայաստանի բանկային համակարգի համար նշանավորվեց էական որակական ու քանակական ցուցանիշներով, ինչպես նաեւ կարեւոր ինստիտուցիոնալ զարգացումներով:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին այսօր ասել է Հայաստանի Կենտրոնական բանկի /ԿԲ/ նախագահ Արթուր Ջավադյանը` հանդես գալով բանկիրների համար նախատեսված ավանդական նախաամանորյա ընդունելությանը, որին մասնակցում էին նաեւ ՀՀ նախագահն ու վարչապետը:
ԿԲ ղեկավարը շեշտել է, որ նախնական տվյալների համաձայն` ինֆյլացիայի տարեկան ցուցանիշը դուրս չի եկել նախատեսված շեմից եւ 2008 թվականի արդյունքներով կկազմի 5.2-5.5 տոկոս:
Արթուր Ջավադյանը հիշեցրել է, որ այս տարի Հայաստանի բանկային համակարգի համախառն ակտիվներն առաջին անգամ գերազանցել են 1 տրլն դրամը եւ ներկայումս կազմում են շուրջ 1 տրլն 20 մլրդ դրամ: ԿԲ ղեկավարը նշել է, որ վերջին 9-10 տարիների ընթացքում բանկային համակարգի ակտիվներն ավելացել են 6-7 անգամ:
ԿԲ նախագահը նշել է, որ չնայած համաշխարհային ճգնաժամին, Հայաստանը ներդրողների համար կայուն երկիր է մնացել, ինչի մասին վկայում է այն փաստը, որ տարվա ընթացքում 10 հայաստանյան առեւտրային բանկեր, որոնց բաժնետերերն արտասահմանյան ինստիտուցիոնալ ներդրողներ են, իրենց կանոնադրական կապիտալն ավելացրել են 34 մլրդ դրամ ընդհանուր գումարով:
Տարբեր ծրագրերի շրջանակներում հայաստանյան բանկերը 2008 թվականի ընթացքում արտասահմանից ներգրավել են 70 մլրդ դրամ ընդհանուր գումարի միջոցներ:
Տարվա արդյունքներով Հայաստանի բանկային համակարգի շահույթը կկազմի մոտ 27 մլրդ դրամ, ինչը 7 մլրդ դրամով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:
Արթուր Ջավադյանը նաեւ նշել է Հայաստանի կապիտալի շուկայի ակտիվացումը: Նա տեղեկացրել է, որ 2008 թվականին տեղի է ունեցել կորպորատիվ պարտատոմսերի 11 թողարկում, որոնց մեծ մասը տեղաբաշխված է Հայաստանի ֆոնդային բորսայում, որը տարեսկզբից մտնում է Nasdaq OMX-ի կազմի մեջ: ԿԲ ղեկավարն ասել է, որ 2009 թվականին ակնկալվում է Հայստանում առաջին IPO-ի անցկացումը:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: