Հայաստանում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրում կատարվել են փոփոխություններ:Կառավարության նիստին Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը նշել է, որ գործող ծրագիրն ունի սահմանաչափ, 1 տնտեսվարողի համար ցանկացած պահի համար լիզինգի ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 1 մլրդ դրամը:«Եթե տնտեսվարողն ունի 1 մլրդ դրամի ծանրաբեռնվածություն, այլ ագրոպարենային սարքավորում չի կարող ձեռք բերել, եթե պարտավորությունն իջեցրել է 800 մլն դրամի, ապա կարող է 200 մլն դրամի ձեռք բերել: Առաջարկում ենք այս 1 մլրդ դրամի շեմը բարձրացնել 2 մլրդ դրամի», - կառավարության նիստին ասել է նախարարը:Որոշմամբ առաջարկվում է ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրում կատարել համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ, ըստ որոնց՝ շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցների ձեռքբերման նպատակով 2024 թ. սեպտեմբերի 1-ից մինչեւ 2025 թ. դեկտեմբերի 31-ը սուբսիդավորվում է ՀՀ դրամով տրամադրվող լիզինգի 12, արտարժույթով տրամադրվող լիզինգի՝ 7 տոկոսային կետը, եթե ձեռք բերվող շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցները շահագործվելու են ՀՀ մարզպետների կողմից տրամադրված ցանկում ներառված բնակավայրերի տարածքներում։ Շարժական եւ շարժական մոդուլային սպանդանոցների ձեռքբերման համար սահմանված 20% կանխավճարի 80%-ը սուբսիդավորվում է, որի տրամադրման համար սահմանվում է համապատասխան ընթացակարգ: Սահմանվում են նաեւ տնտեսավարողների կողմից ձեռք բերվող շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցների համար անհրաժեշտ կանխավճարի սուբսիդավորումն իրականացնելու ընթացակարգը եւ լիզինգի կանխավճարի ու լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորված գումարների վերադարձման հիմքերը։ Tweet Դիտում՝ 2009