ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Երեւանում տեղի է ունեցել «Newmag Back To School» մանկական գրքի փառատոնը։ Միջոցառման շրջանակում կայացել է Newmag հրատարակչության «Երազ» մանկական մատենաշարի երեք նոր մանկական գրքերի շնորհանդես։ Բանկը նաեւ հանդես է եկել որպես «Էլեկտրոնիկի արկածները» գրքի հայերեն առաջին հրատարակության ֆինանսական գործընկեր: Բանկից հայտնել են, որ գրքի փառատոնը կայացել է օգոստոսի 24-ին էր Երեւանի «Երազ» այգում։ Միջոցառումն ուղեկցվում էր երաժշտական շոու-ծրագրով, ուսուցողական խաղերով, դպրոցական նորաձեւ հագուստի ցուցադրությամբ եւ տոնական հյուրասիրությամբ։ Պատանի ընթերցողներին ներկայացվել է համաշխարհային մանկական գրականության երեք նոր գիրք հայերենով, այդ թվում՝ Եվգենի Վելտիստովի «Էլեկտրոնիկի արկածները» գրքի առաջին հայերեն հրատարակությունը։ «ՎՏԲ-Հայաստան Բանկն ամեն տարի աջակցում է երկրի մշակույթի եւ կրթության ոլորտների կարեւոր նախագծերին։ Շատ կարեւոր է վաղ տարիքից սերմանել ընթերցանության նկատմամբ սեր՝ չստիպելով երեխային կարդալ, այլ սովորեցնել նրան սիրել գիրքը։ Գրականության ազդեցությունն անձի ձեւավորման գլխավոր գործոններից է։ Մենք ուրախ ենք, որ կարողացանք մեր ներդրումն ունենալ «Newmag Back To School» նախագծի իրականացմանը, որը նշանակալից իրադարձություն է պատանի գրքասերների կյանքում»,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Արա Ավագյանը: «Ժամանակակից աշխարհը բազմաթիվ հնարավորություններ եւ ուղիներ է ընձեռում ստանալու տեղեկատվություն, որը հասանելի է տարբեր ձեւաչափերով։ Համացանցի ճանաչելիությունը տարեցտարի աճում է, հատկապես, երիտասարդ սերնդի շրջանում: Գիրքը որպես թղթային կրիչ աստիճանաբար կորցնում է իր արդիականությունը։ Մենք ոչ միայն խնամքով ընտրում ենք պատանի սերնդին ներկայացվելիք գրքերը, այլեւ մանրամասն մշակում ենք դրանց դիզայնն ու նկարազարդումները՝ ընթերցողի ուշադրությունն ու հետաքրքրությունը գրավելու համար: Նման օրինակ է նաեւ «Էլեկտրոնիկի արկածները» գիրքը, որն ընթերցելով դաստիարակվել է մի քանի սերունդ»,- նշել է Newmag հրատարակչության Տնօրեն Արտակ Ալեքսանյանը։ ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 6349