Նախարար. ՌԴ-ում վաճառվող հայկական կոնյակներն անցնում են ռուսական իզոտոպային լաբորատոր փորձաքննություն

22.08.2024 | 15:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայկական կոնյակ #ՌԴ #Պապոյան
Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն այսօր ասել է, որ հայկական կողմը Ռուսաստանից որեւէ պաշտոնական փաստաթուղթ չի ստացել կոնյակի որակի վատ լինելու վերաբերյալ:

«Մեզ համար հայկական կոնյակի որակի հետ կապված հարցերը պարզապես հարցեր չեն: Հայկական կոնյակը բրենդ է, եւ մենք հիմա Եվրամիության ծրագրերից մեկի շրջանակում աշխատում ենք բրենդի կայացման վրա. սա մեզ համար շատ թանկ է: Իմ կարծիքով՝ 2025 թվականից պետք է գնանք հետեւյալ ճանապարհով՝ ստեղծենք իզոտոպային լաբորատորիա, եթե չհաջողվի, կդնենք պահանջ՝ Եվրոպայում իզոտոպային լաբորատորիայի: Այսինքն՝ Հայաստանից, եթե կոնյակի սպիրտ արտահանվի, կունենա լաբորատոր փորձաքննության փաստաթուղթ, որ, օրինակ, շվեյցարական այսինչ իզոտոպային լաբորատորիայում այս տակառի կոնյակն անցել է փորձաքննություն, եւ ապացուցվում է՝ դա խաղողից ստացված սպիրտ է»,- լրագրողների հետ զրույցում ասել է նախարարը:


Նա նշել է, որ երկրի տնտեսական քաղաքականությունն է՝ ՀՀ-ում արտադրվող եւ արտահանվող ապրանքների որակն անընդհատ բարձրանա եւ լինի պատշաճ մակարդակի.

«Որպեսզի կարողանանք բոլոր երկրներում՝ լինի դա ԱՄՆ, ԵՄ, թե ՌԴ, վաճառել այնպիսի ապրանքներ, որ որակի հետ կապված հարցեր չհնչեն, իսկ հնչելու դեպքում ցույց տանք միջազգային լաբորատորիաներից ստացված փորձաքննության արդյունքները»:

Գեւորգ Պապոյանի խոսքով՝ Հայաստանում կոնյակ արտադրողները դեռ որեւէ դժգոհություն չեն արտահայտել, թե դժվարություն ունեն արտադրանքը Ռուսաստան արտահանելու հարցում.

«Մեր կոնյակի շատ մեծ տոկոսն արտահանվում է ՌԴ: Այժմ իզոտոպային լաբորատոր փորձաքննություն անցնում են մեր բոլոր կոնյակները եւ դա անցնում է ՌԴ-ում: Չի կարող որեւէ հայկական կոնյակ վաճառվել ՌԴ-ում՝ առանց ռուսական իզոտոպային լաբորատոր փորձաքննության»:

Banks.am-ը հիշեցնում է, որ «Անտիկոնտրաֆակտ» ասոցիացիան եւ Ռուսաստանի կոնյակ, սպիրտ եւ ալկոհոլային խմիչք արտադրողների միությունը համատեղ հետազոտություն են իրականացրել, որի արդյունքների համաձայն ՌԴ խանութներում վաճառվող հայկական կոնյակների գրեթե 90%-ն անվտանգ չէ, իսկ արտադրանքի մոտ կեսը պարունակում է ոչ խաղողի սպիրտ:
Դիտում՝ 1543
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW