Նորարար գյուղատնտեսության բազմաթիվ մոդելներ ուսումնասիրելով՝ Էրիկ Հախվերդյանն իր ծննդավայր սահմանամերձ Բերդավանում հիմնել է էկզոտիկ այգի, որի հարեւանությամբ էլ փոքրիկ հյուրատուն է կառուցել ու կոչել «Բերդավան»։Էկզոտիկ այգում կողք կողքի աճում են 56 տեսակի միրգ ու հատապտուղ, ինչպես նաեւ տարբեր տեսակի բանջարեղեն։«Բերդավան» հյուրատունը Ակբա Ֆեդերացիայի եւ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) «Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրի» շահառուներից է: Տրամադրված դրամաշնորհի միջոցով Էրիկ Հախվերդյանը կարողացել է կահավորել հյուրատան երկու նոր սենյակները: «Մեր գյուղատնտեսության մեջ չեն կիրառվում թունաքիմիկատներ եւ սիլիտրաներ, ինչպես նաեւ մարդկային միջամտությունը հասցված է մինիմալի։ Հողի պարարտացման համար օգտագործում ենք խոտեր. այստեղ կարեւոր է այնպիսի բույսեր աճեցնել, որոնք բնական ազոտ են արտադրում։ Այգում աճեցնում եմ կանաչ եւ կարմիր կիվիներ, ազիմինա, որը բերվել է Հյուսիսային Ամերիկայից։ Այն մանգոյի ու բանանի խառնուրդ է, 6 տարի հետո սկսելու է բերք տալ։ NABU-ի եւ Ակբա Ֆեդերացիայի ֆինանսավորմամբ այգուն կից կառուցեցինք 2 նոր հարմարավետ սենյակ։ Մեր գործունեությունն ամբողջությամբ բնապահպանական է ու ներդրված է շրջանաձեւ տնտեսության մոդել. թե՛ հյուրերի, թե՛ մեր գործունեության ընթացքում առաջանում է մինիմալ աղբ եւ հնարավորության դեպքում թափոններն օգտագործվում են 2-րդ անգամ»,- նշել է «Բերդավան» հյուրատան հիմնադիր Էրիկ Հախվերդյանը։Հյուրատուն են այցելում զբոսաշրջիկներ, գյուղական տուրիզմի սիրահարներ եւ բոլոր նրանք, ովքեր տարբեր առիթներով գալիս են Բերդավան: Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 81% մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում եւ համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին: Tweet Դիտում՝ 2603