Euromoney միջազգային առաջատար ֆինանսական պարբերականը Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության ժամանակ Ամերիաբանկին շնորհել է «Գերազանցության մրցանակ»՝ որպես 2024 թ. լավագույն բանկը Հայաստանում։ 2011թ․ ի վեր Ամերիաբանկը 10-րդ անգամ է արժանանում այս հեղինակավոր մրցանակին։ Հիմնական մրցանակից բացի, Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել 2024թ․ «Լավագույն թվային բանկը» եւ «Լավագույն բանկը ՓՄՁ-ների համար» անվանակարգերում։ Ամենամյա այս մրցանակաբաշխության շրջանակում գնահատվում են բանկերի գործունեությունը, թվային լուծումները, ռազմավարական նախաձեռնությունները եւ ֆինանսական ոլորտի այլ ձեռքբերումներն ավելի քան 100 երկրում:«Ամսագիրն ընդգծում է 2023թ․ ընթացքում բանկային հիմնական ծառայությունների ոլորտում Ամերիաբանկի ամուր դիրքն ու կայուն աճը, ինչը թույլ է տվել գրանցել 46 մլրդ ՀՀ դրամի աննախադեպ զուտ շահույթ եւ 10-րդ տարին անընդմեջ պահպանել առաջատարի դիրքը Հայաստանի վարկավորման շուկայում՝ ապահովելով շուկայի շուրջ 20% մասնաբաժին։ Ամերիաբանկին շնորհելով «Լավագույն թվային բանկը» մրցանակը՝ ժյուրին բարձր է գնահատել Ամերիաբանկի թվային ուղիների եւ լուծումների կատարելագործումը, այդ թվում` նոր հաճախորդների ներգրավման լիովին ավտոմատացված գործընթացը, MyAmeria հավելվածի ակտիվ օգտատերերի տպավորիչ աճը եւ գործարքների ծավալը, ինչպես նաեւ MyInvest ներդրումային առցանց հարթակը: Euromoney-ի խմբագիրները նշել են, որ հաշվետու ժամանակաշրջանում Ամերիաբանկի թվային ուղիները զգալի աճ են գրանցել՝ ապահովելով մասնաճյուղային ցանցից դուրս կատարված գործարքների 98% ցուցանիշ։Շնորհելով «Լավագույն բանկը ՓՄՁ-ների համար» մրցանակը՝ ժյուրին ընդգծել է Ամերիաբանկի դերը փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորման գործում»,- ասված է բանկի հաղորդագրությունում:Հաշվետու ժամանակահատվածում բանկի ընդհանուր ՓՄՁ վարկային պորտֆելը կազմել է 224 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 33,4%-ով։ Ժամանակակից սքորինգային համակարգի վրա հիմնված առցանց բիզնես հարթակը, ինչպես նաեւ հիփոթեքային եւ ավտովարկավորման նորարարական էկոհամակարգերը հաճախորդների համար ապահովել են ամբողջությամբ թվային փորձառություն՝ նշված ոլորտներից յուրաքանչյուրում գրանցելով զգալի աճ եւ վարկային կայուն պորտֆել: «Մեզ համար պատիվ է ստանալ այս մրցանակները, որոնք արտացոլում են Euromoney-ի ժյուրիի գնահատականը մեր աշխատանքին եւ ձեռքբերումներին։ Թվային լուծումների կատարելագործումը, ինչպես նաեւ փոքր եւ միջին բիզնեսին աջակցությունը մեր հիմնական առաջնահերթություններից են, եւ մենք հետեւողականորեն ներդրումներ ենք կատարել եւ զարգացել ենք նշված ոլորտներում: Այս արդյունքներն ապահովել ենք մեր հաճախորդների եւ գործընկերների շնորհիվ, եւ մեր հաջողության հիմքում նրանց վստահությունն ու հավատն են առ այն, որ մենք կարող ենք մատուցել լավագույն ֆինանսական ծառայությունները Հայաստանում»,- նշել է Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: Tweet Դիտում՝ 9666