Ամերիաբանկն ու ՔՈԱՖ-ը համատեղում են ջանքերը՝ ի նպաստ Լոռու մարզում մեղվաբուծության զարգացման

03.07.2024 | 16:46 Գլխավոր էջ / Նորություններ /
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (ՔՈԱՖ) եւ Ամերիաբանկը ներկայացնում են «Հավաքելով բնության բարիքները» համատեղ ծրագիրը, որն իրագործվելու է ՔՈԱՖ-ի «Մեղվաբուծությունը՝ տնտեսական զարգացման շարժիչ ուժ» նախագծի շրջանակում։

Ծրագրի առաքելությունն է խթանել մեղվաբուծությունը Հայաստանի Լոռու մարզում, զարգացնել մեղվաբույծների գործնական հմտությունները եւ բարելավել մեղվաբուծության արժեշղթայի որակը։ Ներառելով կրթական, տնտեսական եւ սոցիալական բաղադրիչներ՝ այն նախատեսված է 50 շահառուի համար։ Նորարարական դասընթացներին զուգահեռ շահառուներին կտրամադրվեն նաեւ մեղվափեթակներ եւ մեղվաընտանիքներ՝ հետագայում սեփական բիզնես նախաձեռնելու նպատակով։ Ծրագրի առանցքային նպատակներից է շահառուների շրջանակում ընդգրկել նաեւ ԼՂ-ից բռնի տեղահանված` ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ագրոտեխնոլոգիայի ծրագրի ուսանողներին, որոնք նոր են սկսել բացահայտել ոլորտը։

«Ամերիաբանկը կարեւորում է ձեռներեցության դերը մեր երկրի, հատկապես մարզերի տնտեսական հզորացման գործում եւ մեծ նշանակություն է տալիս ռեսուրսաարդյունավետ եւ էկոլոգիապես կայուն ոլորտների զարգացմանը: Գյուղական համայնքներում մեղվաբուծությանն աջակցելով՝ մեր նպատակը մարզերում ձեռներեցության զարգացմանը զուգահեռ մարդկանց կյանքի որակը բարելավելն է` նրանց տալով կայուն արտադրություն հիմնելու եւ հեռանկարային աշխատանք ունենալու հնարավորություն», – ասել է Ամերիաբանկի Մարքեթինգի եւ հաղորդակցության գծով տնօրեն Ռեբեկա Հակոբյանը։

«Ամերիաբանկը ՔՈԱՖ-ի վստահելի գործընկերներից է եւ աջակցում է մեր տարբեր ծրագրերին։ Մեղվաբուծության աճի խթանմանը նպաստող այս ծրագրի շրջանակում նման համագործակցությունը կարեւոր է, քանի որ դրա արդյունքում մարզի պոտենցիալը կբարձրանա։ Գաղտնիք չէ, որ մեղվաբուծությունն առհասարակ կենսական նշանակություն ունեցող ոլորտ է։ Ուստի զարգացնելով այն՝ մենք կարող ենք խթանել ոչ միայն տեղական կենսաբազմազանության պահպանումը, այլեւ գյուղական բնակավայրերում զբաղվածության ապահովումն ու կայուն եկամուտների ձեւավորումը», - ասել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի զարգացման գծով փոխնախագահ Հայկ Բոյաջյանը:
Դիտում՝ 1388
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW