Երեւան /Մեդիամաքս/. 2009 թվականի մարտի 19-ին Հայաստանի միջնակարգ դպրոցներում կանցկացվի “Կենգուրու առանց սահմանների” միջազգային մաթեմատիկական օլիմպիադան (Le Kangourou sans Frontires-KSF): Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր Երեւանում համապատասխան հուշագիր են ստորագրել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը եւ “Այբ” կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն, Տեր Մեսրոպ քահանա Արամյանը: Տեր Մեսրոպ քահանա Արամյանը նշել է, որ “Այբի” աշխատանքների շնորհիվ այս տարի Հայաստանը դարձել է KSF-ի լիիրավ անդամ եւ հաջորդ տարի առաջին անգամ պաշտոնապես կմասնակցի օլիմպիադային: “KSF-ը հնարավորություն է տալիս երեխաների մեջ զարգացնել մտածելու եւ ժամանակի մեջ կողմնորոշվելու կարողությունը”,- ասել է Տեր Մեսրոպ Արամյանը: “Այբի” նախագծերի տնօրեն Դավիթ Սահակյանը տեղեկացրել է, որ կանոնների համաձայն` օլիմպիադային կարող են մասնակցել 3-11-րդ դասարանների աշակերտները: Օլիմպիադան անցնում է առանց ընտրական փուլի. մրցույթ-խաղի բոլոր մասնակիցները ստանում են վկայականներ, լավագույնները պարգեւատրվում են դիպլոմներով և հատուկ նվերներով, իսկ հաղթողները հնարավորություն են ստանում մեկնել եվրոպական ճամբարներ: Դավիթ Սահակյանը նշել է, որ 2008 թվականին Հայաստանում փորձնական օլիմպիադա է անցկացվել 6 դպրոցներում, որին մասնակցել են 630 աշակերտներ: Դրա արդյունքներով Հայաստանն առանց ընտրական փուլին մասնակցելու դարձել է KSF-ի լիիրավ անդամ, հայտնել է “Այբի” նախագծերի տնօրենը ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հետ հարցազրույցում: Դավիթ Սահակյանը նաեւ ասել է, որ “Այբ” հիմնադրամը պայմանավորվածություն է ձեռք բերել KSF-ի վրաց ներկայացուցիչների հետ` Ջավախքի դպրոցներում հայերեն լեզվով օլիմպիադա անցկացնելու վերաբերյալ: “Այբ” կրթական հիմնադրամը հիմնվել է 2006 թվականին: Հիմնադրամի նպատակը որակյալ կրթություն ապահովող համակարգի ստեղծումն է` հասարակությանը կրթության զարգացման գաղափարի շուրջ համախմբելով: Tweet Դիտում՝ 14055