Երեւանում բացվել է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության կաթնամթերքի արտադրության ժամանակակից գործարան, որին մասնակցել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Կառավարությունից հայտնել են, որ վարչապետը «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի ուղեկցությամբ շրջել է գործարանում, ծանոթացել ստեղծված պայմաններին եւ արտադրական հզորություններին: Պատասխանատուների ներկայացրել են, որ գործարանի կառուցման աշխատանքները մեկնարկել են ՀՀ կառավարության, Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) եւ «Երեմյան ֆարմի» միջեւ համագործակցության հուշագրի ստորագրմամբ՝ ներդրումային խոշոր նախագծի շրջանակում: Ընդգծվել է, որ հուշագրով ամրագրված համագործակցության նպատակն է ապահովել Հայաստանի պարենային անվտանգությունն ու կայուն տնտեսական զարգացումն ագրոարդյունաբերության ոլորտում։ Գործարանը ներառում է 2 հեկտար արտադրական տարածք՝ 2500 քմ պահեստային հատված, 1000 քմ սառնարանային տնտեսություն, 6000 քմ կաթի արտադրության գործարան, լաբորատորիաներ եւ R&D կենտրոն, օրական 150 հզ. լիտր կաթի մշակման ներուժ: Գործարանը հնարավորություն կտա բազմապատկել արտադրական հզորությունը՝ ներկայանալ նոր արտադրատեսակներով, դրանք արտահանել միջազգային շուկաներ: Վարչապետը նշել, որ միշտ խոսվում է երկրում ստանդարտների ներդրման անհրաժեշտության մասին, եւ այս ներդրումը ստանդարտի ներդրման օրինակ է, որովհետեւ այն փոխում է ընկալումն արտադրական ստանդարտների մասին: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ստանդարտ սահմանել նշանակում է թանկացնել ապրանքը, բայց թանկացնել ապրանքը, նշանակում է բարձրացնել դրա որակը եւ համոզմունք ունենալ, որ այն, ինչի վրա գրված է կաթնամթերք՝ այն իսկապես կաթնամթերք է. «Սննդի անվտանգությունը մի խնդիր է, որի հետ մենք բախվում ենք, եւ շատ հաճախ պատահում է, որ չենք արձանագրում պատճառահետեւանքային կապը սննդի անվտանգության ոլորտում եղած խնդիրների եւ առողջապահության ոլորտում եղած խնդիրների ծավալի միջեւ, բայց այդ կապը կա, եւ այդ կապն ակնհայտ է»: Tweet Դիտում՝ 2049