«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի oժանդակությամբ արցախցի Սարգսյանների՝ առանց ծնողական խնամքի մնացած հինգ երեխաների ընտանիքը Մասիս քաղաքում սեփական բնակարան է ձեռք բերել: Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղից բռնի տեղահանումը Սարգսյանների ընտանիքի համար կրկնակի ողբերգություն է. Հայաստան տեղափոխվելու համար բենզին որոնելու դուրս եկած Սաշային եւ Լիանային երեխաները վերջին անգամ ողջ տեսել են սեպտեմբերի 25-ին` Ստեփանակերտի բենզինի պահեստի աղետալի պայթյունի օրը։ 12-ամյա Նարեն, 13-ամյա Նանարը, 16-ամյա Ալեքսը, 17-ամյա Էլենը եւ 21-ամյա Սվետլանան Հայաստան տեղափոխվելուց հետո տատիկի հետ բնակվում էին ժամանակավոր կացարանում։ Բնակարանի ձեռքբերման համար «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 25 մլն ՀՀ դրամ է տրամադրել Սարգսյանների ընտանիքին: ««Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը մեծ պատրաստակամությամբ ու սիրով է աջակցել Սարգսյանների ընտանիքին այս բնակարանի ձեռքբերման հարցում։ Մենք մեծապես կարեւորում ենք հանրային միասնությունն ու հոգատարությունը մեր հայրենակիցների, մեր երեխաների համար լուսավոր ու ապահով ապագա կառուցելու գործում եւ շարունակաբար մեր աջակցությունն ենք բերում այդ գործընթացին։ Սա բխում է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի սոցիալական պատասխանատվության ռազմավարական նպատակադրումից, ինչը մեր բիզնես գործունեության առանցքային բաղադրիչներից է», - նշել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր Վահագն Բադալյանը։ «Բադալյան ընտանիքը կշարունակի ներդրում ունենալ հայրենակիցների սոցիալական խնդիրների լուծման եւ նրանց համար բարեկեցիկ կենսապայմանների ապահովման գործում»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 1865