Մայիսի 15-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կայացել է Աշխատանքի տոնավաճառ՝ ոչ միայն ՀՊՏՀ ուսանողների եւ շրջանավարտների, այլեւ բոլոր աշխատանք փնտրողների համար։ 4-րդ տարին անցկացվող Աշխատանքի տոնավաճառը համախմբել էր պետական գերատեսչությունների, տնտեսության տարբեր ոլորտների ավելի քան 70 գործատուի եւ հազարավոր աշխատանք փնտրողների։Աշխատանքի տոնավաճառում իրենց թափուր հաստիքներն էին ներկայացնում ինչպես պետական կառույցները, այնպես էլ մասնավոր հատվածի խոշորագույն ընկերությունները՝ առեւտրային բանկերը, ապահովագրական ընկերությունները, վարկային, կրթական, հաշվապահական եւ աուդիտորական, տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, հյուրանոցային եւ այլ ոլորտների ընկերությունները, որոնք առաջարկում էին 500-ից ավելի թափուր հաստիք։ Տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել են, որ աշխատանքի տոնավաճառը բաց էր բոլոր աշխատանք փնտրողների համար, ուստի ՀՊՏՀ ուսանողների, շրջանավարտների հետ իրենց CV-ները եւ տվյալներն էին նախընտրելի գործատուներին թողնում նաեւ բոլոր աշխատանք փնտրողները։ Այցելուները տաղավարներում ծանոթանում էին մասնակից կառույցներին եւ ընկերություններին, մանրամասն տեղեկատվություն էին ստանում թափուր հաստիքների, պահանջվող որակավորումների եւ հմտությունների, առկա պրակտիկայի հնարավորությունների մասին։ ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ Արմեն Գրիգորյանը նշել է, որ տոնավաճառն աշխատանք գտնելու լավ հնարավորություն է ոչ միայն ՀՊՏՀ ուսանողների, այլեւ՝ բոլոր աշխատանք փնտրողների համար։ «Մեր համալսարանը շատ մեծ ուշադրություն է դարձնում իր շրջանավարտների եւ բակալավրիատի բարձր կուրսի ուսանողների՝ աշխատաշուկայում արագ ինքնաիրացմանը, ինչը մեզ տալիս է նաեւ մրցակցային առավելություն: Բակալավրիատի ավարտական կուրսերում առկա է 74% մասնագիտական կայուն աշխատանք, իսկ մագիստրատուրայում՝ շուրջ 90%»,-ասել է բուհի ղեկավարը: Տոնավաճառից հետո կայացել է «ՀՊՏՀ‒աշխատաշուկա համագործակցության զարգացման հեռանկարները» թեմայով աշխատաժողով, որին մասնակցել են Հայաստանի առաջատար կազմակերպությունների մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետները եւ քննարկել աշխատաշուկայում առկա հիմնախնդիրները։ Tweet Դիտում՝ 1607