2024 թ. ապրիլի 30-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է իջեցնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.25%: 30.04.2024 | 12:47 Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով Խորհուրդը գնահատում է, որ քաղաքականության ավելի ցածր տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում գնաճի 4% մակարդակի եւ գների կայունության նպատակի իրագործման համար: 2024 թ-ի 1-ին եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ մարտին կազմելով -1.2%: 12-ամսյա բնականոն գնաճը եւս նվազել է՝ մարտին կազմելով -0.7%:«2024 թ-ի առաջին եռամսյակում համաշխարհային եւ Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվել են: Համաշխարհային գնաճը շարունակում է դանդաղել, սակայն գործընկեր երկրներում կոշտ գներով բնութագրվող ապրանքների եւ ծառայությունների գները դեռեւս մնում են հարաբերականորեն բարձր: Միաժամանակ, գործընկեր երկրներում գերտաքացած աշխատաշուկայի պայմանները շարունակում են նպաստել բարձր պահանջարկի պահպանմանը: Տարեսկզբից Մերձավոր Արեւելքում ստեղծված աշխարհաքաղաքական լարվածությունը շարունակում է որոշակի ռիսկեր առաջացնել էներգակիրների համաշխարհային գների հետագա աճի եւ առաջարկի արժեշղթաների հնարավոր խաթարման տեսանկյունից: Այս համատեքստում հավանական է, որ գործընկեր երկրների կենտրոնական բանկերը, մասնավորապես՝ ԱՄՆ ԴՊՀ-ն, առաջիկայում ավելի երկար կպահպանեն դրամավարկային խիստ պայմանները: Արդյունքում՝ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնանկումային ազդեցություններ:2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն, որին մեծապես նպաստել է առեւտրի եւ արդյունաբերության ճյուղերի զգալի աճը: Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության եւ երկարաժամկետ հեռանկարի տեսանկյունից: Ներքին ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը թուլանում է, իսկ ներքին պահանջարկին շարունակում է նպաստել մասնավոր ներդրումների բարձր աճը: Միեւնույն ժամանակ, հարկաբյուջետային քաղաքականության կողմից պահանջարկի լրացուցիչ խթանման ռիսկերը շարունակում են մնալ առարկայական։ Արտաքին հատվածից թույլ գնանկումային ազդեցությունների, նախորդ տարիներին իրականացված դրամավարկային քաղաքականության եւ դրամի արժեւորման պայմաններում ցածր գնաճային միջավայրը պահպանվում է: Միաժամանակ, աշխատուժի առաջարկի ավելացումը որոշակիորեն մեղմում է աշխատաշուկայի պայմանները, ինչն էլ արտահայտվում է աշխատավարձերի, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճի եւ գնաճային սպասումների նվազմամբ:Բարձր անորոշության պայմաններում, հաշվի առնելով գների կայունության նպատակին հասնելու իր հանձնառությունը, Խորհուրդն իր քննարկումների ընթացքում դիտարկում է բազմաթիվ սցենարներ: Մի կողմից, Խորհուրդը քննարկել է սցենարներ, որոնց հիմքում ընկած զարգացումները, այդ թվում՝ գործընկեր երկրներում պահպանվող ավելի խիստ դրամավարկային պայմանները, ինչպես նաեւ երկրի ռիսկի հավելավճարի եւ չեզոք տոկոսադրույքի հետ կապված անորոշությունները, պահանջում են քաղաքականության՝ շուկայական սպասումների համեմատությամբ ավելի կոշտ արձագանք՝ գների կայունության նպատակի ապահովման ռիսկերը կառավարելու համար։ Մյուս կողմից, Խորհուրդը քննարկել է սցենարներ, որտեղ հնարավոր տնտեսական զարգացումները, այդ թվում՝ աշխատուժի առաջարկի շարունակական ընդլայնումը եւ պահանջարկի արագ թուլացումը կհանգեցնեն գնաճի ցածր մակարդակի երկար պահպանմանը: Սա ենթադրում է քաղաքականության տոկոսադրույքի՝ շուկայի սպասումների համեմատությամբ ավելի արագ եւ մեծ չափով նվազման ուղի՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճը նպատակային ցուցանիշի շուրջ կայունացնելու համար:Արդյունքում՝ հավասարակշռելով վերը նշված երկու ուղղությամբ ռիսկերը՝ ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց շարունակել դանդաղ տեմպերով աստիճանական թուլացումը։ Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները եւ պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 4% մակարդակի եւ գների կայունության նպատակի ապահովման համար»,- ասված է ԿԲ հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 1136