Bloomberg. Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ «առեւտրային բումը» դանդաղել է

05.04.2024 | 16:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուսաստան #Թուրքիա #առեւտուր
Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ «առեւտրային բումը» դանդաղել է Ուկրաինայում ռազմական գործողություններով պայմանավորված Մոսկվայի դեմ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի պատժամիջոցների ընդլայնման պատճառով, գրում է RBC-ն՝ վկայակոչելով Bloomberg-ը։

2023 թվականին դեպի Ռուսաստան թուրքական մեքենաշինական արտադրանքի արտահանման կտրուկ աճ էր գրանցվել, նշում է գործակալությունը։ Թուրքիայի Մեքենաշինարարների միության նախագահ Քութլու Կարավելիօղլուն կարծում է, որ այս տարի վաճառքները կնվազեն $1 միլիարդով՝ «ոչ միանշանակ» եւ «արագ ընդլայնվող» պատժամիջոցների ցուցակների, ինչպես նաեւ այն ապրանքների արտահանման խստացման պատճառով, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով։

Միության ղեկավարի խոսքով՝ ամենաշատը նվազել են հաստոցների, պոմպերի, էլեկտրաշարժիչների մատակարարումները։ Կարավելիօղլուն կարծում է, որ բանկային համակարգի եւ մատակարարման շղթաների վրա ճնշումների պայմանում «ոչ մի լուրջ արտադրող չի կարողանա պահպանել նույն հետաքրքրությունը Ռուսաստանի նկատմամբ»։

Bloomberg-ը նշում է, որ այս տարի Թուրքիայից դեպի Ռուսաստան արտահանման անկումը տեղի է ունեցել բանկային գործարքների նկատմամբ վերահսկողությունը մեծացնելու Անկարայի փորձերի ֆոնին։ 2023 թվականի վերջին ԱՄՆ-ում ուժի մեջ էր մտել մի հրամանագիր, որը թույլ է տալիս միջոցներ կիրառել արտասահմանյան բանկերի դեմ, որոնք օգնում են գործարքներ իրականացնել Ռուսաստանից պատժամիջոցների ենթարկված անձանց հետ կամ նպաստում են որոշակի նյութերի եւ սարքավորումների մատակարարմանը Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրին:

Թուրքիայի առեւտրի նախարարության տվյալներով՝ 2023 թվականի փետրվարից մինչեւ 2024 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում Թուրքիայից դեպի Ռուսաստան արտահանումը նվազել է 33%-ով՝ $1,1 միլիարդից մինչեւ $670 միլիոն, իսկ ներմուծումը Ռուսաստանից Թուրքիա՝ 36,65%-ով՝ $2 միլիարդից մինչեւ $1,3 միլիարդ։

Թուրքիան ավելի վաղ խոստացել էր թույլ չտալ Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցների շրջանցումը։ ԱՄՆ-ի հրամանագրի հրապարակումից հետո Թուրքիայի հետ առեւտրով զբաղվող ձեռնարկատերերը պատմում էին, որ երկրի որոշ բանկեր սկսեցին փակել ռուսաստանյան ընկերությունների հաշիվները եւ խստացրել են Ռուսաստանից այն ֆիզիկական անձանց նկատմամբ պահանջները, ովքեր ցանկանում են բանկային քարտեր ունենալ:
Դիտում՝ 4878
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW