Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ. կայուն ֆինանսավորման գծով Հայաստանի լավագույն բանկը: Այս մրցանակն Ամերիաբանկի չորրորդ անընդմեջ հաղթանակն է կլիմայի փոփոխության բացասական ազդեցության մեղմելուն ու ավելի կայուն ապագա կառուցելուն միտված նախաձեռնությունների ֆինանսավորման ոլորտում։ Ամերիաբանկը Հայաստանի միակ կազմակերպությունն է, որն 2019 թ․-ին այս հեղինակավոր մրցանակի հիմնադրումից ի վեր նման ճանաչման է արժանանում։ Բանկից հայտնել են, որ հաղթող կազմակերպություններն ընտրվել են Global Finance ամսագրի խմբագիրների կողմից, որոնք դիտարկել են 53 երկրից եւ տարածաշրջանից ստացված հայտերն ու իրականացված անկախ հետազոտության արդյունքները։ Գնահատման չափանիշներից են կառավարման քաղաքականությունը, հռչակված նպատակները, ինչպես նաեւ շրջակա միջավայրի եւ սոցիալական ծրագրերի կայուն ֆինանսավորման ոլորտում գրանցված չափելի ձեռքբերումները: Global Finance ամսագրի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր Ջոզեֆ Ջիարապուտոն նշել է, որ կլիմայի փոփոխության հետ կապված մտահոգությունը, օրենսդրական կարգավորումները եւ ներդրողների իրազեկվածության բարձրացումը նպաստել են կայուն ներդրումների պահանջարկի աճին.«Մաքուր տեխնոլոգիաների, կանաչ ֆինանսավորման գործիքների եւ տվյալների վերլուծության ոլորտներում նորարարությունն ավելի գրավիչ ու հասանելի է դարձնում կայուն ֆինանսավորումը՝ շուկայական նոր հնարավորություններ ընձեռելով բանկերին»:Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն էլ ասել է.«Տարիներ առաջ, երբ ընդունեցինք կայուն ու կանաչ ֆինանսավորմանն անցնելու ռազմավարական որոշում, վստահ էինք՝ մեր մոտեցումն իրեն կարդարացնի: Բիզնեսն ու կառավարություններն ամբողջ աշխարհում գնալով ավելի շատ են կարեւորում կայունությունը, ինչն ապացուցում է` որքան ճիշտ եւ արդարացված է եղել մեր որոշումը: Այսօր կայունությունը լոկ ընտրություն չէ, այլ ապագայում աճ ապահովելու եւ երկարաժամկետ արժեք ստեղծելու նախապայման»:Նշվում է, որ Ամերիաբանկը ստանձնել է երկարաժամկետ պարտավորություն` ստեղծել կայուն միջավայր եւ աջակցել հաճախորդներին ածխածնային առումով չեզոք տնտեսության անցնելու գործում: Ամերիաբանկը մշակել է Կանաչ պարտատոմսերի հայեցակարգ, որը համապատասխանում է Կապիտալի շուկայի միջազգային ասոցիացիայի (ICMA) Կանաչ պարտատոմսերի գործող սկզբունքներին եւ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին։ 2009 թ. ի վեր Ամերիաբանկը տարբեր միջազգային ֆինանսական հաստատությունների եւ ներդրողների աջակցությամբ էներգախնայողության ու էներգաարդյունավետության ծրագրերի ֆինանսավորմանն է ուղղել ավելի քան $225 մլն։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Tweet Դիտում՝ 7275