CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի գլխավոր գործընկերը 2024-ին եւս Բիբլոս Բանկ Արմենիան է։ Արդեն 2-րդ տարին անընդմեջ բանկը կֆինանսավորի մրցույթի՝ 250-ից ավելի խելացի երիտասարդի գործնական գիտելիք ու հմտություններ սովորեցնելու նախաձեռնությունը։CaseKey 2024-ը կմեկնարկի մայիսին: 6-ամսյա կրթական ծրագրին ներգրավված կլինեն hայաստանյան բիզնեսի առաջատար ներկայացուցիչներ ու խորհրդատվական ընկերություններ։Բանկից հայտնել են, որ ծրագրի ընթացքում մասնակիցները կլուծեն 3-4 միկրո քեյս, որոնք վերաբերելու են Հայաստանի իրական բիզնեսներին, իսկ արդեն նոյեմբերին տեղի կունենա գալա միջոցառումը, որի ընթացքում մասնակիցները կլուծեն տարվա գլխավոր բիզնես խնդիրը։Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը նշել է, որ գովելի է մասնակիցների՝ բիզնես հմտություններ ձեռք բերելու հետաքրքրվածությունը։«Գործնական հմտություններն արժեքավոր են ձեռք բերած գիտելիքն իրական բիզնես իրավիճակներում կիրառելու տեսանկյունից։ CaseKey մրցույթի մասնակիցների անցյալ տարվա արդյունքներից ոգեւորված ենք, ինչն էլ հիմնական պատճառն է, որ այս տարի եւս համագործակցում ենք նախաձեռնության հետ։ Ուրախ եմ, որ կա նման հարթակ, որտեղ երիտասարդները հասանելիություն ունեն իրենց զարգացման համար էական նշանակություն ունեցող ռեսուրսի»,- ասել է Հայկ Ստեփանյանը։CaseKey մրցույթի համահիմնադիր Արշակ Կարապետյանի խոսքով՝ համագործակցությունը բազմաթիվ հնարավորություններ է ստեղծում երիտասարդների համար.«Շնորհակալություն եմ հայտնում Բիբլոս Բանկ Արմենիային երկրորդ տարին անընդմեջ որպես մեր գլխավոր հովանավորի շարունակական աջակցության համար: Սա ոչ միայն քաջալերում է մեզ, այլեւ մղում է նոր բարձունքների՝ ստիպելով էլ ավելի բարելավել այս տարվա մրցույթի որակը: Այս համագործակցությունը միայն մեր մասին չէ, այն ուղղակիորեն օգուտ է բերում մեր մասնակիցներին՝ նրանց տալով անգնահատելի հնարավորություններ՝ ցուցադրելու իրենց տաղանդը, կատարելագործելու իրենց հմտությունները, շփվելու եւ համագործակցելու ոլորտի առաջատար մասնագետների հետ դեռ ուսանողական տարիքից: Միասին մենք կերտում ենք բիզնես համայնքի ապագան»։Նշվում է, որ այս տարի միջոցառումը աճում է ոչ միայն քանակապես, այլեւ որակապես․ առաջին անգամ նախատեսվում է ունենալ միջազգային կրթական մասնագետների երկարատեւ ներգրավվածություն ծրագրում ԱՄՆ-ից եւ Մեծ Բրիտանիայից։«CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթ 2024-ի ողջ ընթացքում Բիբլոս Բանկ Արմենիան կլինի մասնակիցների կողքին, կսատարի նրանց գործնական կարողությունների զարգացմանը»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 5428