Փաշինյան. Հայաստանի համար կարեւոր է Ֆրանսիայի հետ տնտեսական համագործակցությունը
22.02.2024 | 15:38 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

««Պեռնո Ռիկար»-ը բավականին երկարատեւ եւ նկատելի ներկայություն ունի Հայաստանում, նաեւ մի շարք այլ ընկերություններ գործում են ՀՀ բանկային համակարգում, կենսաթոշակային ֆոնդերի կառավարման գործում: Ուզում եմ նշել «Վեոլիա» ընկերության ներկայությունը Հայաստանում: Ջրային ոլորտում մեր համագործակցությունը պետք է ակտիվացնենք եւ խորացնենք: Հույս ունենք, որ նաեւ Ֆրանսիայից նոր ընկերություններ կգան Հայաստան, գործունեություն կծավալեն ամենատարբեր ոլորտներում, որովհետեւ 7% տնտեսական աճի ամբիցիոզ ծրագիրն իրականացնելու համար մեզ համար նաեւ աջակցություն է պետք»,- Ֆրանսիայում տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ֆրանսիական խոշոր մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ հանդիպմանն ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ «մշակվող արդյունաբերության ոլորտում ցանկանում ենք լուրջ ներդրումային ծրագրերով հետաքրքրվել».
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը շարունակում է մեր տնտեսության առաջատար ճյուղերից մեկը մնալ: Քննարկումների մեջ ենք, որպեսզի տեսնենք, թե ինչով կարող ենք ավելի լավարկել ՏՏ ոլորտի օրենսդրական կարգավորումները, որպեսզի ավելի գրավիչ դարձնենք մեր երկիրն այդ իմաստով:
2023 թվականին ՀՀ-ն տուրիզմի ոլորտում շատ տեսանելի առաջընթաց է արձանագրել, զբոսաշրջիկների ներհոսքն արդեն իսկ գերազանցել է 2019 թվականի ցուցանիշը: Հիմա Հայաստանում նաեւ գինեգործությունն է շատ լավ տեմպերով զարգանում, եւ այստեղ նույնպես, կարծում եմ, ներդրումային պոտենցիալ կա»:
Կառավարությունից հայտնել են, որ հանդիպմանը քննարկվել են շինարարության, ենթակառուցվածքների զարգացման, գյուղատնտեսության, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության ոլորտներում համագործակցությանն ու ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: