Հանքագործների եւ մետալուրգների միություն. Ադրբեջանը փորձում է թուլացնել Հայաստանի տնտեսությունը

31.01.2024 | 15:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հանքագործների եւ մետալուրգների միություն #հանքարդյունաբերություն
Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միությունը մտահոգություն է հայտնել ՀՀ ներում եւ դրսում «մեր երկրի հանքարդյունաբերության ոլորտի թիրախավորման, ապատեղեկատվության, վարկաբեկիչ եւ կեղծ մեղադրանքների տարածման կապակցությամբ»:

Միությունը տարածել է հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասվում է.

«Վերջին տարիներին Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը զգալի առաջընթաց է ապրել։ Հույս ունեինք, որ զուտ ազգային շահերից ելնելով հայաստանյան բնապահպանական կազմակերպությունները զգուշավորություն կդրսեւորեն՝ չաջակցելու Հայաստանը որպես «տարածաշրջանային աղետ» ներկայացնելու եւ դեպի մեր երկիր ներդրումները կանխելու Ադրբեջանի քաղաքական նպատակների իրականացմանը։

Օրերս ադրբեջանական կազմակերպությունների եւ պաշտոնյաների կողմից Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի դեմ արված համախմբված հայտարարություններ են եղել՝ հիմնական հղումը հենց հայաստանյան կազմակերպություններին: Ադրբեջանում բացահայտ աջակցություն են հայտնում հայաստանյան բնապահպանական կազմակերպություններին՝ ոլորտի դեմ պայքարում: Ակնհայտ է, որ եթե նույնիսկ հայաստանյան որոշ ՀԿ-ներ նման մտադրություն չեն ունեցել, նրանց օգտագործել եւ օգտագործելու են մեր երկրի տնտեսության դեմ։  

Հայտնի է՝ Ադրբեջանը բոլոր հնարավոր միջոցներով փորձում է թուլացնել Հայաստանի տնտեսությունը։ Ցավով պետք է հիշեցնենք Երասխի մետաղաձուլական գործարանի նախագիծը։ Ադրբեջանն իր բոլոր միջոցները ներդրեց այդ նախագիծը վիժեցնելուն, ինչը հանգեցրեց՝ գործարանը տեղափոխվեց, միլիոնավոր դոլարների վնաս պատճառվեց մեր տնտեսությանը։

Ադրբեջանի մշտական թիրախում են Մեծամորի ատոմակայանը, Կապանի, Քաջարանի կոմբինատները, դեռեւս չգործող Ամուլսարի հանքը, Արարատի ոսկու կորզման գործարանը, Թեղուտը՝ հիմնականում անհեթեթ, ակնհայտ կեղծ եւ վտանգավոր մեղադրանքներով, որոնց մեծ մասում, ցավոք, վկայակոչվում են հայաստանյան ՀԿ սեկտորի ներկայացուցիչները։

Միջազգային ատյաններին նամակներ գրելով՝ հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպություններ հետեւողականորեն աջակցում են Ադրբեջանի՝ Հայաստան ներդրումների մուտքը կանխելու ջանքերին։

Ոչ մասնագիտական գնահատականները, անհիմն մեղադրանքները, ապատեղեկատվությունը պարարտ հող են տրամադրում Ադրբեջանի քարոզչական ռեսուրսներին, կասկածի տակ են դնում մեր երկրում պատասխանատու եւ ժամանակակից հանքարդյունաբերություն ունենալու հեռանկարը։

Կոչ ենք անում հրապարակային հայտարարություններում դրսեւորել առավելագույն զգուշավորություն, չանել զրպարտչական հայտարարություններ, որոնց ոլորտի կազմակերպությունները ստիպված են լինում արձագանքել դատական հայցերով՝ երկրի շահերից ելնելով նաեւ»:
Դիտում՝ 1725
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW