Երեւան /Մեդիամաքս/. “Հայաստանի էլեկտրական ցանցեր” /ՀԷՑ/ ՓԲԸ-ն երկու հակաճգնաժամային ծրագիր է մշակել, ինչը ընկերությանը թույլ կտա խուսափել ցնցումներից եւ աշխատակիցներին աշխատանքից ազատելուց, այսօր Երեւանում հայտարարել է ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր մամլո ասուլիսում Եվգենի Գլադունչիկը հայտնել է, որ 2009 թվականին ՀԷՑ-ը ստիպված է հրաժարվել մի շարք նախագծերից` համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով Հայաստանում ներդրումներ կատարել հրաժարվող ընկերությունների կողմից էլեկտրամատակարարման հայտերը չեղյալ հայտարարելու պատճառով: Միաժամանակ, ՀԷՑ գլխավոր տնօրենը շեշտել է, որ ընկերությունը չի հրաժարվելու էլեկտրամատակարարման որակի բարելավման եւ բնակարանների կամ արդյունաբերական օբյեկտների էլեկտրաֆիկացման ընթացիկ ծրագրերի իրագործումից: ՀԷՑ ներդրումների ծավալը 2008 թվականին կազմել է 12 մլրդ դրամ: “Բնակչության կողմից էլեկտրաէներգիայի սպառումը 2008 թվականին աճել է 5 տոկոսով, իսկ արդյունաբերությունում տարվա արդյունքներով անկում է նկատվելու որոշ խոշոր ձեռնարկությունների պարապուրդի պատճառով”,- ասել է Եվգենի Գլադունչիկը: Խոսելով տարվա արդյունքների մասին` նա նշել է, որ Երեւանում շարունակվում է հին սարքավորումների արդիականացումը եւ մալուխային գծերի փոփոխումը: Եվգենի Գլադունչիկը շեշտել է ՀԷՑ-ում երիտասարդ կադրերի սուր պակասը: Նրա խոսքերով, այդ խնդրի լուծման նպատակով ընկերությունը սկսել է համագործակցել Հայաստանի պետական էներգետիկ քոլեջի եւ Պետական ճարտարագիտական համալսարանի հետ: Tweet Դիտում՝ 15594