ԵՊՀ-ն եւ «Լիդիան Արմենիան» համագործակցության հուշագիր են կնքել

12.01.2024 | 17:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՊՀ #«Լիդիան Արմենիա»
Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը եւ «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանն այսօր ստորագրել են մտադրությունների հուշագիր:

Հուշագրով նրանք կմիավորեն իրենց ջանքերը երկրաբանության, հանքարդյունաբերության, հանքավայրերի շահագործման, լեռնամետալուրգիական, հիդրոերկրաբանության եւ այլ ոլորտներում որակյալ մասնագետներ պատրաստելու, գիտահետազոտական համատեղ աշխատանքներ ու կրթագիտական այլ ծրագրեր իրականացնելու համար։

Ինչպես հայտնել են ԵՊՀ-ից, հուշագրի շրջանակում կողմերը համատեղ կկազմեն աշխատակիցների որակավորման բարձրացման ծրագրեր, փորձարարական, գիտական, հետազոտական ու կրթական աշխատանքներ կկատարեն, կառուցվածքային առանձին ստորաբաժանումների համատեղ քննարկումներ, խորհրդատվություններ, վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ եւ այլ միջոցառումներ կկազմակերպեն։

Բացի այդ՝ ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի ու ֆակուլտետում գործող Կայուն զարգացման կենտրոնի փորձագետների ու ընկերության մասնագետների համատեղ ուսումնասիրությունների արդյունքում կմշակվեն տեխնոլոգիական մեթոդներ, կկազմակերպվեն դրանց ստացման լաբորատոր եւ արտադրական եղանակների փորձարկումներ։

Նշվում է, որ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի ուսանողների շրջանում հանքարդյունաբերության գործունեության վերաբերյալ գործնական գիտելիքների ձեռքբերման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով համատեղ կմշակվեն դասընթացներ եւ դաշտային պրակտիկ աշխատանքներ։ Բացի դրանից՝ ուսանողները հնարավորություն կստանան իրենց ուսումնական ու արտադրական պրակտիկաները կազմակերպել, ինչպես նաեւ փորձնակություն (ինթերնշիփեր, մենթորշիփեր) անցնել ընկերությունում։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ասել է, որ ոլորտները, որոնց զարգացման նպատակով հաստատվել է համագործակցություն, կարեւոր են երկրի համար, ուստի որակյալ կրթության տրամադրումն ու արհեստավարժ կադրերի պատրաստումը, հիմնախնդիրների վերհանումն ու դրանց լուծումը պետք է առաջնահերթություն լինեն․

«Որակյալ եւ ներկայիս պահանջներին ու չափանիշներին համապատասխան կրթություն տրամադրելու երաշխիքներից մեկը հենց աշխատաշուկայի հետ արդյունավետ կապն է»։

«Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանն էլ նշել է, որ պատրաստ են ներդնել իրենց ռեսուրսները եւ աջակցել ֆակուլտետի զարգացմանը, երկրաբանության եւ հանքարդյունաբերության հետ կապված հետազոտական նախագծերի իրագործմանը եւ այլ ծրագրերի կատարմանը։ Նրա խոսքով՝ ընկերությունը պլանավորում է կրթաթոշակներ սահմանել ֆակուլտետի բարձր առաջադիմությամբ ուսանողների, ինչպես նաեւ Ամուլսարի շրջակա համայնքների այն դիմորդների համար, որոնք կնախընտրեն երկրաբանություն մասնագիտությունը:

Խոսելով ֆակուլտետի զարգացմանն ուղղված ծրագրերի մասին՝ ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը կարեւորել է գիտական ներուժի արդյունավետ կիրառման, դասախոսների վերապատրաստման ու դիմորդների շրջանում մասնագիտության նկատմամբ հետաքրքրությունը բարձրացնելու անհրաժեշտությունը եւ հույս հայտնել, որ համագործակցությունը կնպաստի դրանց իրագործմանը։

Հանդիպմանը կողմերը քննարկել են հուշագրով սահմանված առաջիկա անելիքներն ու համագործակցության ընդլայնման նոր հնարավորությունները։
Դիտում՝ 3448
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW