Կառավարությունը հաստատել է Արցախից բռնի տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման եւ աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագիրը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը կառավարության նիստի ժամանակ ասել է, որ ծրագիրն ունի երեք բաղադրիչ: Առաջին բաղադրիչը մասնագիտական ուսուցումն է` դրանից հետո առնվազն երեք ամիս պարտադիր աշխատանքի պայմանով, երկրորդ բաղադրիչը վճարովի պրակտիկան է, որից հետո պարտադիր աշխատանքի տեղավորում առնվազն երեք ամսով, եւ երրորդ բաղադրիչը՝ մասնագիտական ուսուցումն է՝ դրանից հետո վճարովի պրակտիկա եւ աշխատանքի տեղավորում։«Առաջին ուղղության դեպքում ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին առաջարկում ենք մինչեւ հինգ ամիս տեւողությամբ մասնագիտական ուսուցում։ Այդ ընթացքում գործատուն պետք է որոշի, թե որ ուսումնական հաստատությունում եւ կրթական կենտրոնում այդ վերապատրաստումը պետք է անցկացվի։ Մենք այդ ընթացքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակցին տրամադրում ենք 50 հազար դրամ կրթաթոշակ եւ եւս 50 հազար դրամ՝ուսման վարձը վճարելու համար։ Այնուհետեւ, երբ կներկայացնի կրթաշրջանը անցնելու վերաբերյալ վկայականը, առնվազն 3 ամիս ժամկետով կկնքվի աշխատանքային պայմանագիր գործատուի հետ եւ երեք ամսվա ընթացքում 50 հազար դրամի չափով կփոխհատուցվեն գործատուի հարկերը։ Եվ ուսման վարձը, եւ կրթաթոշակը տրամադրելու ենք մասնակցած օրերի համար։ Եթե գործատուն աշխատանքային պայմանագիրը չի կնքում կամ մինչեւ երեք ամիս լրանալը լուծում է պայմանագիրը, ապա ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակցին փոխհատուցում է կրթաթոշակի եւ ուսման վարձի գումարը»,- մանրամասնել է նախարարը:Նրա խոսքով՝ երկրորդ բաղադրիչը վերաբերում է վճարովի աշխատանքային փորձի ձեռքբերմանը եւ պրակտիկային. «Գործատուի եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակցի միջեւ կնքվում է 6 ամիս տեւողությամբ պայմանագիր, որից երեք ամիսը պարտադիր դիտարկվում է որպես վճարովի աշխատանքային պրակտիկա։ Այսինքն՝ գործատուին ամսական տրամադրելու ենք 165 հազար դրամ՝ շահառուին աշխատավարձի եւ համապատասխան հարկերը վճարելու համար, հարկերը հանած 120 հազար աշխատավարձ է մնում։ Պրակտիկայից հետո գործատուն պարտավորվում է եւս երեք ամիս շահառուին ապահովել աշխատանքով, որի դիմաց գործատուին երեք ամիս շարունակ վճարվում է ամսական առավելագույնը 50 հազար դրամ պարտադիր հարկերը վճարելու համար: Երրորդ բաղադրիչը միավորում է բոլոր բաղադրիչները. այսինքն՝ մասնագիտական կրթություն, վճարովի աշխատանքային պրակտիկա եւ աշխատանքի ընդունելու պարտադիր պայման»: Tweet Դիտում՝ 2049