2024 թ-ի հունվարի 1-ից Գրանթ Թորնթոն Հայաստանի Կառավարման խորհրդի նախագահի պաշտոնը կզբաղեցնի Արմեն Հովհաննիսյանը: Նա նոր պաշտոնում կփոխարինի Գագիկ Գյուլբուդաղյանին:Ընկերությունից հայտնել են, որ կառավարման խորհրդի նորանշանակ նախագահ Արմեն Հովհաննիսյանը ֆինանսական կազմակերպությունների աուդիտի եւ հաշվապահական հաշվառման ոլորտի առաջատար մասնագետներից է, որը 1998 թ-ից ղեկավարել է Գրանթ Թորնթոն Հայաստանի համապատասխան բաժինը՝ զբաղեցնելով նաեւ ֆինանսական տնօրենի պաշտոնը: Նա Հայաստանի աուդիտորների եւ փորձագետ հաշվապահների պալատի խորհրդի անդամ է: 2020 թ-ից ի վեր Արմեն Հովհաննիսյանը զբաղեցնում է «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը: «Ուրախ եմ այս կարեւոր պաշտոնում ողջունել Արմեն Հովհաննիսյանին, որը մեր ոլորտի փայլուն գործիչներից է եւ մեր ընկերության հիմնասյուներից: Նրա ռազմավարական տեսլականը եւ գերազանցության ձգտումը միանգամայն համահունչ են Գրանթ Թորնթոն Հայաստանի արժեքներին եւ նպատակներին: Վստահ եմ, որ Արմեն Հովհաննիսյանի ղեկավարությամբ Գրանթ Թորնթոն Հայաստանի միասնական Կառավարման խորհուրդը կշարունակի կյանքի կոչել ավելի համարձակ նախագծեր եւ հավատարիմ կմնա իր հաճախորդներին բացառիկ ծառայություններ մատուցելու հանձնառությանը»,- ասել է Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ ԱՊՀ տարածաշրջանային ղեկավար Գուրգեն Հակոբյանը: Tweet Դիտում՝ 8019