Երեւանի պետական համալսարանը եւ Apricot Capital-ը համագործակցության հուշագիր են կնքել

15.12.2023 | 17:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՊՀ #Apricot Capital
Երեւանի պետական համալսարանը (ԵՊՀ) եւ «Էփրիքոթ Կապիտալ» (Apricot Capital) ներդրումային ընկերությունը համագործակցության հուշագիր են կքնել։

Հուշագրի ստորագրման արարողությանը ներկա էին Apricot Capital ընկերության հիմնադիր Վարդան Ամարյանը, ընկերության գործադիր տնօրեն Վաչիկ Գեւորգյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արման Մալխասյանը, շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը, մարքեթինգի բաժնի վարիչ, ծառայությունների առեւտրայնացման պատասխանատու Ազնիվ Գրիգորյանը:

ԵՊՀ-Apricot Capital համագործակցության նպատակն է համատեղ ջանքերով, փորձով եւ ռեսուրսներով նպաստել կրթական ու գիտահետազոտական համատեղ ծրագրերի իրականացմանը, համագործակցել տարբեր ուղղություններով՝ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստում, ԵՊՀ ուսանողների համար դասընթացների, ուսումնաարտադրական պրակտիկաների կազմակերպում, դրամաշնորհների տրամադրում (հատկապես Արցախից բռնի տեղահանված ուսանողներին) կրթական ու հետազոտական ծրագրերի համատեղ մշակում եւ իրականացում, գիտաժողովների, գիտական սեմինարների, կլոր սեղան-քննարկումների կազմակերպում, սոցիալական ծրագրերի իրագործում եւ այլն։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարեւորելով այսօրվա դինամիկ զարգացող աշխարհում բուհ-մասնավոր ընկերություն համագործակցությունը, նշել է, որ այն պարզապես գործընկերություն չէ, այլ՝ գերազանցությանը, նորարարությանը եւ որակյալ կադրերի պատրաստմանը նպաստելու համատեղ հանձնառություն.

«Այսպիսի համագործակցություններն օգնում են համադրել ակադեմիական տեսությունները, գործնական հմտություններն ու աշխատաշուկայի պահանջները, հնարավորություն տալիս համատեղ հետազոտությունների միջոցով ապահովել զարգացում եւ առաջընթաց, ինչպես նաեւ ստեղծել սովորելու եւ աշխատելու համար ոգեշնչող միջավայր»։

Apricot Capital-ի հիմնադիր Վարդան Ամարյանը կարեւորել է կրթության ոլորտում նման համագործակցությունների դերը:

«Մեր անցած ճանապարհն ու կուտակած փորձը փաստում են, որ կրթությունն է ամենակարեւորն ու առանցքայինը՝ պահանջված մասնագետ դառնալու եւ անընդհատ հաջողություններ գրանցելու գործում։ Երբ Հայաստանում հիմնում էինք Apricot Capital ներդրումային ընկերությունը, զգում էինք ոլորտում մասնագիտացած եւ փորձառու կադրերի բացը։ Այդ պատճառով էլ նմանատիպ համագործակցությունները մեզ համար շատ կարեւոր են. մենք կարողանում ենք հայ ուսանողներին եւ երիտասարդներին հասանելի դարձնել միջազգային ֆինանսական ոլորտի փորձը, որը մենք կուտակել ենք երկար տարիների աշխատանքի շնորհիվ եւ մեր ընկերության թիմը համալրել նոր, գիտակ կադրերով»,-նշել է Վարդան Ամարյանը եւ ավելացրել, որ հուշագիրը հնարավոր երկարատեւ համագործակցության սկիզբն է միայն, բուհ-մասնավոր հատված փոխգործակցությամբ տարաբնույթ նախագծեր կիրականացվեն։

Կողմերը փաստել են, որ համագործակցության արդյունքները կլինեն առարկայական եւ տեսանելի կարճ ժամկետներում։

***

Apricot Capital-ը Հայաստանում 2022 թվականին գրանցված եւ լիցենզավորված ներդրումային ընկերություն է, որը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրամադրում է համապարփակ ֆինանսական ծառայություններ՝ ներառելով բրոքեր-դիլերային, ակտիվների կառավարման եւ խորհրդատվական ծառայություններ: Թիմը բաղկացած է ֆինանսական համակարգում մեծ գիտելիքներ եւ փորձ ունեցող լավագույն մասնագետներից։ Կենտրոնանալով նորարարության եւ հաճախորդամետ լուծումների վրա՝ Apricot Capital-ը շարունակում է սահմանել ոլորտի չափանիշները եւ ներկայանալ որպես՝ Հայաստանում ներդրումային գործիքներ եւ արդյունավետ հարթակ տրամադրող ընկերություն։
Դիտում՝ 7621
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW