«Լույս». Վերջին ամիսներին մշակող արդյունաբերության ոլորտներում գրանցվող անկումը վտանգավոր է
29.11.2023 | 16:32 Գլխավոր էջ / Նորություններ /


Զեկույցում նշվում է, որ տնտեսական ակտիվության աճի տեմպը դանդաղել է, ինչը սպասելի էր ՝ հաշվի առնելով բարձր աճ ապահովող գործոնների աստիճանաբար ավելի փոքրացող նպաստումը ՏԱՑ-ին:
«Վերջին ամիսներին (բացի օգոստոսից) ՏԱՑ-ի ամսական աճերը կայունացել են 6%-ի շուրջ, ինչի արդյունքում կուտակային աճի տեմպը նույնպես նվազում է եւ հունվար-հոկտեմբերին կազմել է 9.2%: Բազայի էֆեկտի ազդեցությունից ելնելով՝ հետագա ամիսներին ՏԱՑ-ի կուտակային ցուցանիշը կշարունակի նվազել, քանի որ ամսական աճի ցուցանիշները կձեւավորվեն ցածր մակարդակում:
Արդյունաբերության ոլորտի մտահոգիչ զարգացումները շարունակվում են արդեն բավական երկար ժամանակահատված, ինչը նշանակում է, որ ոլորտում առկա են էական խնդիրներ:
Արդյունաբերության ոլորտում արդեն շուրջ 6 ամիս շարունակ գրանցվում են բավական ցածր աճի կամ անկման ցուցանիշներ: Ընդ որում, վերջին ամիսներին անկում է գրանցվում ոչ միայն հանքարդյունաբերության, այլեւ մշակող արդյունաբերության ոլորտներում, ինչը առավել վտանգավոր է: Սա մի կողմից՝ պայմանավորված է հանքարդյունաբերության ոլորտի խնդիրներով (որոշ հանքավայրերի չաշխատելով եւ պղնձի միջազգային գների նվազմամբ), մյուս կողմից՝ փոխարժեքի արժեւորման հետեւանքով ՀՀ արտադրանքի մրցունակության նվազմամբ, ինչն ավելի արտահայտիչ է դառնում վերարտահանման աճի տեմպերի դանդաղման պայմաններում: Այդ իրավիճակը կարող է հանգեցնել տնտեսության ներուժի եւ երկարաժամկետ կայուն աճի հնարավորությունների նվազմանը: Ավելին, արդյունաբերության ոլորտին տրամադրված վարկերը նույնպես նվազում են, ինչը եւս ցուցիչ է ոլորտում ներդրումային ակտիվության նվազման մասին:
Պետական բյուջեի կապիտալ ծախսերի թերակատարման խնդիրը այդպես էլ լուծում չի ստանում: Թեեւ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները (որոնք հիմնականում կապիտալ ծախսերն են) աճել են բարձր տեմպով՝ 32.6%-ով, սակայն դրանց ծավալը դեռեւս հեռու է պլանավորված մակարդակից:
Մասնավորապես, հունվար-սեպտեմբեր ամիսների համար պլանավորվել էր իրականացնել 381.8 մլրդ դրամի (նույն ժամանակահատվածի ճշտված պլանն ավելի մեծ է եւ կազմում է 394.4 մլրդ դրամ) ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ, մինչդեռ հունվար-հոկտեմբերին իրականացվել է պլանի ընդամենը շուրջ 70%-ը (իսկ ճշտված պլանի՝ 67.7%-ը), որը կազմում է 266.9 մլրդ դրամ»,- ասված է հիմնադրամի վերլուծության մեջ:
Նշվում է, որ արտերկրից դեպի ՀՀ փոխանցվող դրամական միջոցների զուտ ներհոսքը նախորդ տարվա համեմատ շարունակում է մնալ ցածր մակարդակում:
2023թ. սեպտեմբերին բանկային համակարգի միջոցով դեպի Հայաստան փոխանցված գումարների զուտ ներհոսքը (ներհոսքի եւ արտահոսքի տարբերությունը) կազմել է $97 մլն՝ էապես ցածր լինելով տարեսկզբի եւ նախորդ տարվա վերջին ամիսների ցուցանիշներից: Հունվար-սեպտեմբեր ամիսներին (2023թ. հոկտեմբեր ամսվա տվյալները դեռեւս չեն հրապարակվել) դեպի ՀՀ փոխանցված գումարների զուտ ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է՝ հիմնականում պայմանավորված արտահոսքի աճով:
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ:
Վերջին լուրեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: