Այս տարի լայնածավալ միջոցառումներով նշվում է հայ եւ արեւելքի ժողովուրդների երաժշտության զարգացման վրա մեծ ազդեցություն թողած եւ հայկական ազգային երաժշտարվեստը համաշխարհային ճանաչման արժանացրած մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանը։ Կոմպոզիտորի հոբելյանին նվիրված միջոցառումների շարքում Ֆասթ Բանկը, որպես գլխավոր հովանավոր, «Սարեր» մշակութային ՀԿ-ն եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը կյանքի են կոչել վիրտուոզ դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի բացառիկ համերգ-տեսագրությունը։ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգայի-ակադեմիական թատրոնում տեղի ունեցած մենահամերգին միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր դաշնակահարը ներկայացրել է Արամ Խաչատրյանի դաշնամուրային ստեղծագործությունները՝ հանրահայտ «Սպարտակ», «Գայանե» եւ «Դիմակահանդես» բալետներից դաշնամուրային փոխադրումներ: Հայկ Մելիքյանը, որ հայտնի է խաչատրյանական ստեղծագործությունների իր լավագույն մեկնաբանություններով, ծրագրում ներառել է նաեւ կոմպոզիտորի արվեստի վրա հանգուցային ազդեցություն թողած Ալեքսանդր Սպենդիարյանի, աշուղական երաժշտության մշակումներից, ինչպես նաեւ Առնո Բաբաջանյանի «Էլեգիա»-ն՝ նվիրված անվանի կոմպոզիտորի հիշատակին։«Ֆասթ Բանկը, որպես համերգի գլխավոր հովանավոր, չափազանց բարձր է գնահատում 20-րդ դարի մեծագույն կոմպոզիտորներից մեկի՝ Արամ Խաչատրյանի ստեղծագործական ժառանգությունը վերաիմաստավորելուն եւ միջազգայնորեն դիրքավորելուն ուղղված միջոցառումների կարեւորությունն ու խթանում նրա երաժշտությունն աշխարհում ավելի լսելի դարձնելուն ուղղված քայլերը»,- ասված է բանկի հաղորդագրությունում։ Հայկ Մելիքյանի համերգի համացանցային պրեմիերան կարող եք դիտել նոյեմբերի 29-ին՝ ժամը 22:00-ին, դաշնակահարի Ֆեյքսբուքի պաշտոնական էջում: Tweet Դիտում՝ 1721