«Յունիբանկ» ԲԲԸ-ն դարձել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր հովանավոր:Համագործակցության պայմանագիրը ստորագրել են Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը եւ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը։«Ըմբշամարտը Հայաստանում ամենասիրված մարզաձեւերից է։ Մեր ըմբիշները միշտ մրցանակային բարձր տեղեր են նվաճում եւ արժանանում մեդալների: Բարձր ենք գնահատում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ձեռքբերումները եւ ուրախ ենք աջակցել մեր մարզիկներին, որոնք, վստահ եմ, նոր մրցաշրջանում կրկին փայլուն հաղթանակներով կուրախացնեն երկրպագուներին»,- ասել է Մեսրոպ Հակոբյանը։«Սկսում ենք մեր համագործակցությունը Յունիբանկի հետ, որը ողջունելի քայլեր է ձեռնարկել՝ հանուն հայ մարզիկների եւ սպորտի զարգացման։ Վստահ եմ, որ այս համագործակցությունից գոհ կլինեն բոլոր ներգրավված կողմերը։ Հայկական սպորտի զարգացմանն ուղղված աշխատանքի պտուղները վայելելը երկար սպասեցնել չի տա։ Ըմբշամարտի մեծ ընտանիքի կողմից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել եւ բոլորիս մաղթել կանաչ եւ հաղթանակներով լի ճանապարհ», - նշել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը:«Յունիբանկն իր ողջ գործունեության ընթացքում ակտիվորեն աջակցում է մարզիկներին եւ սպորտային տարբեր միջոցառումների անցկացմանը: Բանկի ֆինանսական աջակցությամբ այս տարի բացվել է Unisport մարզական ակումբը, որը նպաստելու է տարբեր մարզաձեւերի, այդ թվում՝ ըմբշամարտի առաջխաղացմանը: Յունիբանկն ու Յունիսպորտ ակումբը կնպաստեն նաեւ մանկապատանեկան սպորտի զարգացմանն ու երիտասարդ սերնդին կհաղորդակցեն առողջ ապրելակերպին»,-ասված է բանկի հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 7536