«Լույս» հիմնադրամը վերլուծել է Հայաստանի տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին՝ ելնելով Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներիից:Հիմնադրամի վերլուծությունում նշվում է, որ տնտեսական ակտիվության աճի տեմպը որոշակիորեն արագանալուց հետո սեպտեմբերին կտրուկ դանդաղել է՝ հիմնականում պայմանավորված ծառայությունների աճի տեմպի դանդաղմամբ եւ արդյունաբերության անկման տեմպի խորացմամբ։ «Սեպտեմբեր ամսին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ-ը) կազմել է ընդամենը 5.6%։ Ծառայությունների աճի տեմպի եռակի դանդաղումն իր հերթին հիմնականում պայմանավորված է բազայի էֆեկտով (կազմել է 4.6%), սակայն սեպտեմբերին ծառայությունների ոլորտի վրա բացասական ազդեցություն են ունեցել նաեւ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով Արցախում տեղի ունեցող դեպքերը:Արդյունաբերության ոլորտի բացասական զարգացումներն ավելի են խորացել եւ շարունակում են մտահոգիչ մնալ: Արդյունաբերության ոլորտում արդեն երկար ժամանակ գրանցվում են անկման ցուցանիշներ: Ընդ որում, անկում է գրանցվում ինչպես հանքարդյունաբերությունում, այնպես էլ մշակող արդյունաբերությունում։ Այսպես, սեպտեմբերին արդյունաբերության ոլորտում գրանցվել է 4.3% անկում, իսկ մշակող արդյունաբերությունում, օգոստոսի տվյալներով, գրանցվել է շուրջ 9.4% անկում։ Այս իրավիճակը խոսում է ՀՀ տնտեսության ներուժի եւ մրցունակության անկման մասին, ինչը ապագայում կհանգեցնի տնտեսական աճի տեմպի պերմանենտ դանդաղմանը:Պետական բյուջեի կատարումը շեղվել է պլանավորվածից շուրջ 270.8 մլրդ դրամով: Պետական բյուջեն շարունակում է մնալ հավելուրդային, իսկ դրա կատարման շեղումն ամսեամիս ավելանում է: ՀՀ պետական բյուջեն 2023թ. բոլոր ամիսներին եղել է հավելուրդային՝ պլանավորված պակասուրդայինի փոխարեն։ Բյուջեի հունվար-սեպտեմբեր ամիսների հավելուրդը կազմել է 74.6 մլրդ դրամ՝ պլանավորված 196.2 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Այսինքն՝ բյուջեի կատարումը պլանից շեղվել է 270.8 մլրդ դրամով։ Պետական բյուջեի ծախսերի աճն էապես դանդաղել է։ Ընդ որում, ծախսերի քիչ լինելը ավելի քան կիսով չափ պայմանավորված է կապիտալ ծախսերի թերակատարմամբ, ինչը վկայում է, որ կապիտալ ծախսերի կատարողականի հետ կապված խնդիրները դարձել են «քրոնիկ»»:Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ: Tweet Դիտում՝ 2169