Հայկական օնլայն լրատվամիջոցների ասոցիացիան` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի եւ «Սյունիք» ֆուտբոլային ակումբի աջակցությամբ, հոկտեմբերի 21-ին Կապանի «Լեռնագործ» մարզադաշտում անցկացրեցին «Սյունիքի գավաթ 2023» լրագրողների միջազգային ֆուտբոլային մրցաշարը։Առաջին անգամ Սյունիքում կազմակերպված մրցաշարին մասնակցեցին 7 երկրների՝ Գերմանիայի, Ռումինիայի, Եգիպտոսի, Լիտվայի, Մոլդովայի, Վրաստանի, Հայաստանի լրագրողական սիրողական ֆուտբոլային թիմերը եւ Կապանի թիմը` որպես հյուրընկալող կողմ։Լրագրողները մրցաշարից առաջ այցելեցին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, ծանոթացան նաեւ Սյունիքի պատմամշակութային հուշարձաններին։ «Մենք վստահ ենք, որ մեր համայնքներում աջակցելով սպորտին եւ առողջ ապրելակերպի մշակույթի տարածմանը՝ նպաստում ենք իրական կայուն սոցիալական զարգացմանը։ Եվ քանի որ ֆուտբոլը ամենասիրված մարզաձևն է, հատկապես «Սյունիք» ֆուտբոլային ակումբը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է։ Իսկ ամենակարեւորն այն է, որ այս մրցաշարի շնորհիվ հնարավորություն ունեցանք Սյունիքը ներկայացնել տարբեր երկրների մոտ 80 լրագրողներին, որոնք հեռանում են իրենց հետ տանելով ահռելի ինֆորմացիա Հայաստանի մասին», -ասել է ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։ Հայկական օնլայն լրատվամիջոցների ասոցիացիայի նախագահ Դավիթ Ալավերդյանը եւս նշել է, որ մրցաշարի անցկացման վայրը պատահական չէ ընտրված․ «Այսօր սյունեցիներն ունեն քաջալերման կարիք, եւ այստեղ հաճախ պետք է կազմակերպվեն այս կարգի միջոցառումներ։ Բացի այդ, մի քանի տասնյակ օտարերկրյա լրագրողներ հնարավորություն ունեցան սեփական աչքերով տեսնել Սյունյաց աշխարհի գեղեցկությունը եւ ծանոթանալ գլխավոր հարստությանը՝ մարդկանց»։ Խաղերն անցկացվեցին ֆուտբոլային դաշտի մեկ քառորդի հատվածում` զուգահեռաբար 4 խաղադաշտում։ Բոլոր թիմերը միաժամանակ մրցում էին` 20 րոպե տեւողությամբ խաղակեսերով, իսկ ընդմիջմանը երկրպագուների համար խաղարկվեցին նվերներ: Ֆուտբոլային բարձր տրամադրությունը մարզադաշտում ապահովված էր` մարզիկների հետաքրքիր խաղի եւ երկրպագուների մեծ ոգեւորության շնորհիվ:Մի քանի ժամ տեւած մրցաշարի հաղթողը Մոլդովայի թիմն էր, երկրորդ տեղը զբաղեցրեց՝ Ռումինիայի լրագրողների խումբը, իսկ երրորդ տեղում` Կապանի հավաքականն էր: Tweet Դիտում՝ 1249