Apricot Capital-ն իր հավելվածով մեկնարկել է մարժային առեւտրի իրականացումը

09.10.2023 | 11:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#Apricot Capital
Հայաստանյան Apricot Capital լիցենզավորված ներդրումային ընկերությունն իր նոր բջջային հավելվածով այսուհետ հասանելի է դարձնում ներդրումներն ու մարժային առեւտուրը` նպաստելով հաճախորդների ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարմանը։

Մարժային առեւտուրը բանկային վարկի այլընտրանքային տարբերակ է. արժեթղթերի կամ դրամական միջոցների ապահովությամբ տրամադրվում է փոխառություն՝ մարժա, որն էլ օգտագործվում է արժեթուղթ ձեռք բերելու համար։

«Մարժային առեւտուրը, որը լայնորեն ընդունված ֆինանսական պրակտիկա է ամբողջ աշխարհում, սկսել է տարածում է գտել նաեւ զարգացող երկրներում։ Հայաստանում մարժային առեւտուրը նոր է սկսում զարգանալ, եւ մենք, այդ ծառայությունը մեր հարթակում ակտիվացնելով, ցանկանում ենք նպաստել այդ գործընթացին։ Այդպիսով, ՀՀ ռեզիդենտներին հնարավորություն ենք տալիս մարժային առեւտրի միջոցով հասանելիություն ունենալ միջազգային հեղինակավոր ներդրումային ընկերությունների արժեթղթերին», - ասել է Apricot Capital-ի գործադիր տնօրեն Վաչիկ Գեւորգյանը։ Նրա խոսքով՝ ՀՀ ռեզիդենտների կողմից ավելի շատ ներդրումներ կատարվում են թոփ 7 ընկերություններում՝  Apple, Microsoft, Amazon, Tesla, Nvidia, Google, Adobe։

Մարժային առեւտրի միջոցով ներդրումներ իրականացնելն ունի մի շարք առավելություններ՝ ներդրողներին հնարավորություն է տալիս մեծացնել իրենց առեւտրային կապիտալը, ապահովել ավելի բարձր եկամտաբերություն՝ բրոքերից միջոցներ ներգրավելով, դիվերսիֆիկացնելով պորտֆելը՝ շահավետ դիրք զբաղեցնել, որը բարդ կլիներ միայն սեփական կապիտալն օգտագործելով։

Հավելվածի միջոցով մարժային առեւտուր իրականացնելու համար Apricot Capital-ում արդեն գրանցված հաճախորդներն անմիջապես հասանելիություն են ստանում մարժային առեւտրի գործիքին, եթե բրոքերային պայմանագիրը կնքելիս նախապես համաձայնություն են տվել մարժային առեւտրի ակտիվացմանը։

Վաչիկ Գեւորգյանը հավելում է. «Ըստ էության՝ մարժայի առավելագույն սահմանաչափ չկա, կարեւոր է, որպեսզի օգտատերերը կարողանան ճիշտ տեղաբաշխել եւ կիրառել իրենց տրված միջոցներն ու հնարավորությունները։ Եթե, օրինակ, շուկայում տատանումները հասնում են նվազագույն շեմին, համակարգն ավտոմատ ծանուցում է ուղարկում, այսպես ասած՝ margin call, որպեսզի օգտատերերը կա՛մ վաճառեն իրենց արժեթղթերը, կա՛մ որեւէ կերպ դրանք տեղաբաշխեն՝ կորուստներից խուսափելու համար»։
Apricot Capital բջջային հավելվածը հասանելի է App Store-ում եւ Google Play-ում:

***

Apricot Capital-ը Հայաստանում 2022 թվականին գրանցված եւ լիցենզավորված ներդրումային ընկերություն է, որը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրամադրում է համապարփակ ֆինանսական ծառայություններ՝ ներառելով բրոքեր-դիլերային, ակտիվների կառավարման եւ խորհրդատվական ծառայություններ: Թիմը բաղկացած է ֆինանսական համակարգում մեծ գիտելիքներ եւ փորձ ունեցող լավագույն մասնագետներից։

Կենտրոնանալով նորարարության եւ հաճախորդամետ լուծումների վրա՝ Apricot Capital-ը շարունակում է սահմանել ոլորտի չափանիշները եւ ներկայանալ որպես՝  Հայաստանում  ներդրումային գործիքներ եւ արդյունավետ հարթակ տրամադրող ընկերություն։
Դիտում՝ 8259
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai