ԿԲ-ն այսուհետ նոր վիճակագրական ցուցանիշներ է հրապարակելու

18.09.2023 | 15:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #վիճակագրական ցուցանիշներ
ՀՀ կենտրոնական բանկը որոշել է իր պաշտոնական կայքում հրապարակել նոր վիճակագրական ցուցանիշներ։

«Նոր ցուցանիշների հրապարակումը նպատակ է հետապնդում հասարակությանը տրամադրել ՀՀ տնտեսության վերաբերյալ ավելի համապարփակ տեղեկատվություն, որը ներառում է դրամավարկային, ֆինանսական հատվածի և ֆինանսական կայունության վիճակագրության, ինչպես նաև արտաքին և իրական հատվածների վիճակագրությունների մասով մի շարք նոր ցուցանիշներ», - ասված է ԿԲ հաղորդագրության մեջ:

Մասնավորապես, առաջին անգամ հրապարակվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից ՀՀ վարկատուների վարկային պայմանների և ՀՀ տնային տնտեսությունների գնաճային ընկալումների ու սպասումների հարցումների արդյունքները։

«Նոր վիճակագրական ցուցանիշների հրապարակման շրջանակում ՀՀ կենտրոնական բանկը ընդլայնում է ՀՀ բանկային համակարգով ֆիզիկական անձանց կողմից ստացված և փոխանցված դրամական միջոցների աշխարհագրությունը. եթե մինչ այժմ Կենտրոնական բանկի կողմից հրապարակվող վիճակագրությունը ցույց էր տալիս առաջին 10 ամենամեծ կշիռներ ունեցող երկրների մասով հոսքերը, ապա այսուհետ վերոնշյալ հոսքերը ներկայացնելու ենք առաջին 50 երկրների մասով։ Բացի այդ, ընդամենը փոխանցումների հետ մեկտեղ հրապարակելու է նաև ոչ առևտրային բնույթ ունեցող փոխանցումների հոսքերը, որոնք հիմք են կազմում ՀՀ վճարային հաշվեկշռում արտացոլվող անձնական դրամական փոխանցումների վիճակագրության կազմման համար», - ասված է հաղորդագրության մեջ:

ՀՀ կենտրոնական բանկը հրապարակելու է ՀՀ արտաքին պարտքի մայր գումարի սպասարկման ժամանակացույցը՝ ըստ ապագա մարումների ժամկետների և տնտեսության հատվածների (առաջին հրապարակումը կլինի սույն թվականի հոկտեմբերին)։ Ապագա մարումների վիճակագրությունը հնարավորություն է տալու հետազոտելու այս պահին ՀՀ սուբյեկտների կողմից ներգրավված արտաքին պարտավորությունների՝ ապագայում պլանավորվող մարումների հոսքերը:

ՀՀ կենտրոնական բանկը ներկայացնելու է փոփոխված մեթոդաբանությամբ հաշվարկված դոլարայնացման ցուցանիշները։ Այսուհետ դոլարայնացման ցուցանիշների հաշվարկներում հաշվի են առնվելու նաև վարկային կազմակերպությունների համապատասխան տվյալները՝ ցուցանիշների կառուցման համադրելիությունը բարելավելու նպատակով։

Ավելացվում են ՀՀ ֆինանսական կազմակերպությունների կողմից տրված վարկերի և ներգրավված ավանդների մասով հրապարակվող ցուցանիշների տեսակները։

Մասնավորապես, ՀՀ բանկերի մասով հրապարակվելու են վիճակագրական տվյալներ ՓՄՁ սուբյեկտներին տրամադրված վարկերի վերաբերյալ, ներկայացվելու է վարկային պորտֆելի բաշխվածությունը ըստ ՀՀ մարզերի, վարկային և ավանդային պորտֆելների տոկոսադրույքները, ընդլայնվելու է լիզինգային և ֆակտորինգային գործառնությունների վերաբերյալ հրապարակվող վիճակագրությունը։ Բացի այդ, հրապարակվելու են ՀՀ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի անվանական տոկոսադրույքների ժամանակային շարքերը։

Տարբեր օգտագործողների պահանջների հիմա վրա ընդլայնվում է ապահովագրական ընկերությունների գործառնությունների մասով վիճակագրությունը, ներկայացնելով գործունեության հիմնական ցուցանիշներն ըստ ապահովագրության դասերի և մանրամասնելով որոշ ֆինանսական ցուցանիշներ։
Դիտում՝ 3663
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW