Հայաստանում եւ օտարերկրյա պետություններում հարկվող` եկամուտ ստացած ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ՀՀ օրենսդրության համաձայն, պարտավոր են հաշվարկել եւ վճարել եկամտային հարկ` սահմանված դրույքաչափերով: Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) հայտնել են, որ ստացված եկամուտներից հաշվարկված եկամտային հարկի գումարները նվազեցվում են ֆիզիկական անձանց կողմից օտարերկրյա պետություններում վճարված հարկի գումարի չափով, ինչը չպետք է գերազանցի Հայաստանում հաշվարկվող եկամտային հարկի գումարները: «Եթե Հայաստանում առաջանում է վճարման ենթակա եկամտային հարկ, ապա նրանք պարտավոր են ինքնուրույն հաշվարկել այն եւ մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը, բացառապես էլեկտրոնային եղանակով, հարկային մարմին ներկայացնել եկամտային հարկի եւ սոցիալական վճարի տարեկան հաշվարկ»,- ասված է ՊԵԿ հաղորդագրությունում:• Հարկերն ինքնուրույն հաշվարկելու եւ վճարելու համար ֆիզիկական անձը պետք է կատարի հետեւյալ քայլերը. Հարկային մարմնից ստանալ հարկ վճարողի հաշվառման համար եւ կնքել հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու պայմանագիր՝ այցելելով հարկ վճարողների սպասարկման ցանկացած բաժին կամ լիազորելով այլ անձի՝ իր անունից հանդես գալու հարկային մարմնում, ինչպես նաեւ առցանց եղանակով՝ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով։ • Բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել համապատասխան տարվա եկամտային հարկի տարեկան հաշվարկ: ՀՀ քաղաքացիների համար անհրաժեշտ է լրացնել 163 ձեւը, իսկ օտարերկրյա քաղաքացիների համար՝ 164 ձեւը։• Հաշվարկված եկամտային հարկը պետք է վճարել պետական բյուջե՝ 900008000490 միասնական հաշվին: Վճարում կատարելիս պարտադիր է նշել ֆիզիկական անձի անուն, ազգանունը եւ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)։ Տարեկան հաշվարկ ներկայացնելու պարտավորություն ունեցող ֆիզիկական անձանց Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է՝ ինքնուրույն հաշվարկել ու վճարել եկամտային հարկի գումարները եւ խուսափել տույժերից:Մանրամասները՝ ՊԵԿ տեսանյութում: Tweet Դիտում՝ 2212