Հայաստանի ազգային ավիաուղիներ Ֆլայ Արնա ավիաընկերությունը դարձել է IOSA օպերատոր՝ ստանալով համաշխարհային ճանաչում ունեցող անվտանգության հավատարմագիր։«Ֆլայ Արնան Հայաստանում առաջին եւ այս պահին միակ ավիաընկերությունն է, որը հաջողությամբ անցել է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) գործառնական անվտանգության աուդիտը (IOSA) եւ ստացել IOSA վկայական»,- ասված է ավիաընկերության հաղորդագրությունում:Նշվում է, որ երկու տարի վավերականությամբ այս վկայականը տրամադրվել է IATA աուդիտորների կողմից անցկացված աուդիտի արդյունքների հիման վրա. ուսումնասիրվել եւ գնահատվել է ավիաընկերության քաղաքականության, ընթացակարգերի եւ գործունեության համապատասխանությունն ավիացիոն համաշխարհային ստանդարտներին: «Մասնավորապես՝ թռիչքային գործունեության, թռիչքային պիտանիության, որակի վերահսկման, ավիացիոն անվտանգության, տեխնիկական սպասարկման, վերգետնյա սպասարկման ծառայություններում օգտագործվող ձեռնարկների համապատասխանելիությունը IOSA պահանջներին եւ դրանց գործնական կիրառումը առօրյա թռիչքներն իրականացնելիս»,- ասված է հաղորդագրությունում:Ֆլայ Արնայի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը նշել է, որ այս ձեռքբերումը վկայում է ամիսներ ձգվող թիմային աշխատանքի եւ աշխատանքում գերազանցության հասնելու հանձնառության մասին.«Մեր ուղեւորների եւ թռիչքային անձնակազմի անվտանգությունն ու բարեկեցությունն առանցքային է մեզ համար, եւ մենք շարունակելու ենք բարձր պահել ավիացիայի ոլորտում ուղեւորների սպասարկման նշաձողը՝ հավատարիմ մնալով ազգային ավիաուղիներ կոչմանը»: Tweet Դիտում՝ 11542