Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «ՀՀ–ում բոլոր կենսաթոշակ ստացողները ստանում են նվազագույն պարենային զամբյուղից ավելի բարձր կենսաթոշակ»: «Կենսաթոշակների հետվճարի համակարգը շատ ակտիվ զարգանում է։ 1 տարին լրացավ, ինչ ներդրել ենք այս համակարգը։ Նախորդ 1 տարվա ընթացքում կենսաթոշակառուների կողմից անկանխիկ գործարքները զրոյական մակարդակից դարձել են 37,7 միլիարդ դրամ, այսինքն` 1 տարվա ընթացքում կենսաթոշակառուները մոտ $100 միլիոնի անկանխիկ գործարքներ են արել եւ, համապատասխանաբար, 3 միլիարդ դրամ հետվճար են ստացել»,–կառավարության նիստին ասել է նա՝ հիշեցնելով, որ հուլիսի 1-ից նվազագույն կենսաթոշակը սահմանվել է 36 հազար դրամ։ Նրա խոսքով՝ ամեն ամիս գործնականում ավելանում է անկանխիկ գործարքների եւ գործարքի մասնակից թոշակառուների թիվը. միայն հուլիսի տվյալներով` Հայաստանում գրանցվել է կենսաթոշակառուների եւ նպաստառուների 4 միլիարդ 931 միլիոնի անկանխիկ գործարք եւ ավելի քան 418 միլիոն հետվճար։ Tweet Դիտում՝ 3983