«Լույս» հիմնադրամն ուսումնասիրել է 2022թ. Հայաստանի տնտեսության արտահանման կառուցվածքը, վեր հանել դիտարկվող ժամանակահատվածում արտահանման աճի պատճառ հանդիսացող հիմնական գործոնները, ինչպես նաեւ, այդ գործոնների բացակայության պայմաններում ՀՀ-ում տնտեսական աճի հնարավորությունները։Զեկույցում նշվում է, որ ՀՀ տնտեսության արտահանման կտրուկ աճը հիմնականում պայմանավորված է արտածին գործոնների ազդեցությամբ եւ պարունակում է էական ռիսկեր։«2022թ.-ին ՀՀ տնտեսության արտահանման կազմում որոշ ապրանքախմբերի գծով նշանակալի աճ է արձանագրվել թե՛ արտահանման եւ թե՛ ներմուծման կառուցվածքում։ Արտահանման ծավալների զգալի աճ գրանցած ապրանքների մի մասի արտադրությունը Հայաստանում ընդհանրապես բացակայում է, իսկ որոշների արտադրության ծավալները էապես զիջում են դրանց արտահանման ծավալներին։ Այսպես՝ 2022թ. արտահանման ընդհանուր ծավալի գրեթե 2/3-ը կազմում է 5 ապրանքախմբի գծով արտահանումը՝ «մեքենաներ, սարքավորումներ, մեխանիզմներ», «փոխադրամիջոցներ», «թանկարժեք ու ոչ թանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ եւ դրանցից արտադրանք», «պատրաստի սննդամթերք, ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքներ, ծխախոտ», «ոչ թանկարժեք մետաղներ եւ արտադրանք»։ Վերլուծությունը ցույց է տվել, որ 2022թ.-ին առկա են մի շարք գործունեության ոլորտներ, որոնցում արտադրված ապրանքների ծավալներն էապես զիջում են արտահանման ծավալներին։ Էական շեղումներ կան «համակարգիչների, էլեկտրոնային եւ օպտիկական սարքավորանքի արտադրություն», «հիմնային մետաղների արտադրություն», «ավտոմեքենաների արտադրություն» եւ այլ ճյուղերում։ Ընդ որում, նաեւ 2021թ. տվյալներից կարելի է նկատել, որ արտահանման՝ արդյունաբերության ծավալները գերազանցող մասը հիմնականում չի բացատրվում 2021թ.արտադրության ծավալներով (այսինքն՝ 2022թ․ արտահանված ապրանքները չէին կարող արտադրված լինել 2021թ.-ին)։ Հետեւաբար, այդ տարբերությունները կարող են բացատրվել միայն վերաարտահանման երեւույթի առկայությամբ։ Եթե հաշվարկենք վերոնշյալ գործունեության տեսակների արտահանման ծավալների աճը, ապա կստացվի շուրջ $1.88 մլրդ, այն դեպքում, երբ այդ նույն ոլորտներում արտադրության ծավալների աճը կազմել է շուրջ $587.8 մլն։ Ստացվում է, որ առնվազն դրանց տարբերության չափով` շուրջ $1.3 մլրդի չափով տեղի է ունեցել վերաարտահանում։Այս հանգամանքները, ըստ էության, հիմք են տալիս եզրահանգելու, որ 2022թ.-ի արտահանման կազմում զգալի մաս է կազմել վերաարտահանումը։ Ընդ որում, վիճակագրական տվյալների վերլուծությունը վկայում է, որ 2022թ.-ին վերաարտահանումն առավելապես պայմանավորված է ռուս-ուկրաինական հակամարտության հետեւանքներով, մասնավորապես՝ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներով»,- ասված է վերլուծության մեջ:Նշվում է, որ 2022թ. ՀՀ տնտեսության արտահանման առնվազն 24.8%-ը (շուրջ $1.3 մլրդ) կազմում է վերաարտահանումը, առանց որի արտահանման աճի տեմպը ավելի քան 2 անգամ ավելի ցածր կլիներ։ Ավելին, վերաարտահանումը էական նպաստում է ունեցել նաեւ տնտեսական աճին՝ ապահովելով 12.6% տնտեսական աճի շուրջ 2.6 տոկոսային կետը.«Ընդ որում՝ 2022թ.-ին կտրուկ աճել է արտահանման առումով առաջատար առեւտրային գործընկեր ՌԴ արտահանման տեսակարար կշիռը՝ ՀՀ-ից դեպի Ռուսաստան արտահանման պահանջարկի ավելացման արդյունքում, ինչը, բնականաբար, հանգեցրել է արտահանման դիվերսիֆիկացիայի նվազման՝ ավելացնելով ՌԴ շուկայից հայաստանյան արտահանողների կախվածության ռիսկերը։ Դեպի ՌԴ արտահանման տեսակարար կշիռը մեկ տարվա ընթացքում աճել է զգալիորեն՝ 17.1 տոկոսային կետով՝ 2022-ի արդյունքներով կազմելով 45.0% (դեպի ՌԴ արտահանման ծավալը 2022-ին 2021-ի համեմատ աճել է 186.8%-ով կամ $1,570.3 մլն)։ Հարկ է նշել, որ վերաարտահանումը տնտեսական աճի վրա, բացի ուղղակի ազդեցությունից, ունի նաեւ անուղղակի ազդեցություն (բազմաթիվ տնտեսական սուբյեկտների տնտեսական ակտիվության աճ, վերաարտահանման գործընթացներում ընդգրկված տնտեսական սուբյեկտների տնօրինվող եկամուտների աճ, որը հանգեցնում է նրանց սպառման մուլտիպլիկատիվ աճի, այդ գործընթացներում ընդգրկված տնտեսավարողների կողմից ներդրումային ծախսերի աճ, բյուջետային մուտքերի աճ, որը կնպաստի պետական ծախսերի աճին եւ այլն)։ Սույն հետազոտությունում տնտեսական աճի վրա նման անուղղակի ազդեցությունը չի գնահատվել»:Հիմնադրամի վերլուծությունն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ: Tweet Դիտում՝ 3047