Դեկտեմբերի 1-2-ը Երեւանում կանցկացվի «Գիտության եւ գործարարության օրեր 2023» միջոցառումը՝ համախմբելով գիտնականների, հետազոտողների, գործարարների եւ ներդրողների Հայաստանից եւ ամբողջ աշխարհից:Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել է, որ այս համաժողովի միջոցով իրենց նպատակն է կամրջել ակադեմիական գիտելիքն ու գործարար միջավայրի ժամանակակից պահանջները՝ «հզորացնելով արտադրական ներուժը եւ դրանով իսկ խթանել մեր պետության տնտեսական աճը»: «Գիտելիքահենք նախագծերը մնայուն արժեք են պետության համար, եւ հաջողությամբ առեւտրայնացնելու պարագայում կարող են դառնալ Հայաստանի կարեւոր այցեքարտերից մեկը։ Մենք խորապես հավատում ենք, որ գիտելիքը սահմաններ չի ճանաչում եւ միասին կարող ենք հարթել գիտելիքի եւ գործարարության համատեղ ճանապարհը», - նշել է Վահան Քերոբյանը։ Էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ միջոցառման այս տարվա հիմնական բանախոսն է հայտնի գիտնական, գրող եւ փիլիսոփա Նասիմ Նիկոլաս Թալեբը։ «Այս միջոցառումը կարեւոր հարթակ է Հայաստանի համար, որտեղ գիտնականները հանդիպում են բիզնես առաջնորդների հետ՝ քննարկելու միջդիսցիպլինար համագործակցության կարեւորությունը, մեր օրերի մարտահրավերներն ու հնարավորությունները», - նշել է Նասիմ Նիկոլաս Թալեբը։ Tweet Դիտում՝ 2879