Ընտանիքների ամրապնդման ծրագիր՝ Կոտայքում, ինչպես նաեւ Իջեւան եւ Դիլիջան համայնքներում

20.07.2023 | 13:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#HSBC Հայաստան #կրթություն
 «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (HSBC Հայաստան/Բանկ) հայտարարել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ի հետ նոր համագործակցության մասին:

Համագործակցության շրջանակում բանկը ֆինանսական օժանդակություն կցուցաբերի Հիմնադրամին` Կոտայքի մարզում, ինչպես նաեւ Իջեւան եւ Դիլիջան խոշորացված համայնքներում ընտանիքների ամրապնդման ծրագրի իրականացման համար:

Բանկից հայտնել են, որ ծրագրի նպատակն է աշխատանքային հմտությունների զարգացման միջոցով նպաստել մարզերում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների զբաղվածության ապահովմանը: Նախատեսվում է կազմակերպել մասնագիտական վերապատրաստման, ինչպես նաեւ փափուկ հմտությունների ձեռքբերման դասընթացներ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց համար` ընդլայնելով նրանց աշխատանք գտնելու հնարավորությունները: Դասընթացներից զատ՝ շահառուներին կտրամադրվեն մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ համապատասխան գործիքներ եւ պարագաներ:

HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը նշել է, որ աշխատանքի անցնելու համար անհրաժեշտ է տիրապետել որոշակի գիտելիքների եւ հմտությունների.

«Ներկայում գոյություն ունեն համապատասխան հմտությունների ձեռքբերման կամ զարգացման բազմաթիվ դասընթացներ, որոնք, սակայն, կարող են հասանելի չլինել մարզերում բնակվող անձանց համար, ովքեր հայտնվել են կյանքի դժվարին իրավիճակում։ Ֆինանսավորելով այս ծրագիրը` մենք նպատակ ունենք հնարավորություն ընձեռել այդ մարդկանց ձեռք բերել այնպիսի հմտություններ եւ գիտելիքներ, որոնք կնպաստեն նրանց աշխատանք գտնելուն: Վստահ եմ, որ համայնքների կյանքի բարելավմանն ուղղված այսպիսի ծրագրերով կարող ենք ոգեշնչել մարզերում բնակվող երիտասարդներին` իրենց մասնագիտական ներուժը օգտագործելու եւ կյանքի որակը փոխելու համար»:

Նա նշել է, որ HSBC Հայաստանը ստանձնել է երկարաժամկետ պարտավորություն աջակցելու այն համայնքներին, որտեղ գործունեություն է ծավալում. «Մենք գիտակցում ենք, որ երկարաժամկետ հեռանկարում հաջողության հասնելու համար տնտեսական աճը նույնպես պետք է կայուն լինի: Այդ պատճառով մենք մեր գործունեությամբ փորձում ենք խթանել կայունության ստեղծմանը այն ոլորտներում, որտեղ ունակ ենք բարեփոխումներ իրականացնել` նպաստելով կայուն տնտեսական աճի ապահովմանը»:

Նշվում է, որ նախաձեռնության շնորհիվ կստեղծվեն պայմաններ մանկահասակ երեխաներ ունեցող 30 ընտանիքի բարեկեցության ապահովման համար` նպաստելով մի շարք խնդիրների լուծմանը, այդ թվում` առողջապահության եւ կրթության հասանելիություն, կացարանային եւ պարենային հարցերի կարգավորում:
Դիտում՝ 6438
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW