Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) եւ Քաջարան խոշորացված համայնքը համագործակցության հուշագիր են ստորագրել: Գեոպրոմայնինգ ընկերությունների խմբի նախագահ եւ ԶՊՄԿ ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին եւ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանն ասել են, որ կողմերի միջեւ միշտ եղել է համագործակցության սերտ կապեր, եւ հուշագիրը ինստիտուցիոնալ մակարդակի վրա է բարձրացնելու այդ հարաբերությունները։ Հուշագրով նախատեսվում է ռազմավարական համագործակցության թիրախներ մշակել տնտեսական, մշակույթի, կրթության ու սպորտի, սոցիալական ապահովության, առողջապահության, ինչպես նաեւ քաղաքաշինական ոլորտներում։ «Մեր ձեռնարկության եւ Քաջարան համայնքի համագործակցությունը օրինակելի կարող է լինել ցանկացած ազդակիր բնակավայրի ու ցանկացած ընկերության համար։ Մենք հասել ենք այնպիսի մակարդակի, որ համայնքային ծրագրերին աջակցելը մենք դիտարկում ենք ոչ թե պարտականությունների կամ սոցիալական պատասխանատվության հարթության մեջ, այլ որպես ներդրում մեր ընկերության զարգացման համար, քանի որ մեր հաջողություններն ապահովում են մեր աշխատակիցները, իսկ նրանք հիմնականում Քաջարան համայնքի բնակիչներ են։ Այսօր մենք այս համագործակցությունը բարձրացրել ենք ռազմավարական նոր որակի վրա», - ասել է Ռոման Խուդոլին:«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դերն ու նշանակությունը անուրանալի է Քաջարան քաղաքի արարման պատմության մեջ եւ համայնքի զարգացման գործում՝ քաղաքի ստեղծման օրվանից մինչեւ այսօր, գրեթե յոթ տասնամյակ։ Ինչպես ասում ենք Քաջարան՝ հասկանում ենք կոմբինատը եւ հակառակը, երբ ասում ենք կոմբինատ հասկանում ենք Քաջարանը։ Բայց այս հուշագիրը Քաջարանի նորագույն պատմության մեջ մի նոր էջ բացեց՝ վերաարժեւորելով այդ տասնամյակները եւ այդ տասնամյակների հանքարդյունաբերական հսկա գործարանի երբեմնի հրամանատարների ու երախտավորների մեծ ավանդն ու նվիրումը», - ասել է համայնքապետ Մանվել Փարամազյանը:Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը սոցիալական զարգացման ոլորտում հուշագրեր է ստորագրել նաեւ ընկերության ազդակիր մյուս՝ Կապան խոշորացված համայնքի եւ Սյունիքի մարզպետարանի հետ։ Tweet Դիտում՝ 4162