Երեւան /Մեդիամաքս/. “Ամերիաբանկը” պայմանագիր է կնքել “Ռոսգոսստրախ-Արմենիա” ապահովագրական ընկերության հետ` ֆիզիկական անձանց ավանդների ապահովագրման մասին: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, բանկի վարչության նախագահ եւ գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն այսօր տեղեկացրել է, որ ապահովագրվելու են ֆիզիկական անձանց ինչպես արդեն գոյություն ունեցող, այնպես էլ նոր ավանդները, որոնք գերազանցում են 2 մլն դրամը, քանի որ մինչեւ նշված գումարը ավանդներն ավտոմատ կերպով ապահովագրվում են Հայաստանի Ավանդների ապահովագրման հիմնադրամի կողմից: Արտակ Հանեսյանը հայտնել է, որ դեկտեմբերի 1-ի դրությամբ բանկում ժամկետային ավանդների ծավալը կազմել է 10.2 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ ավելանալով 6.5 մլրդ դրամով, իսկ ֆիզիկական անձանց ավանդները կազմում են բանկի ավանդային պորտֆելի շուրջ 30 տոկոսը: “Ներկայումս ֆիզիկական անձանց` “Ռոսգոսստրախ-Արմենիայում” ապահովագրված եւ 2 մլն դրամը գերազանցող ավանդները կազմում են շուրջ $8 մլն (2,44 մլրդ դրամ)”,- ասել է Արտակ Հանեսյանը: Նա վստահեցրել է, որ բանկային համակարգից ավանդների հոկտեմբերյան արտահոսքն “Ամերիաբանկին” չի վերաբերել` նշելով , որ հոկտեմբերի սկզբից ի վեր ավանդներն ավելացել են 3,5 մլրդ դրամով: Խոսելով “Ամերիաբանկի” 2009 թվականի ծրագրերի մասին` Արտակ Հանեսյանն ասել է, որ բանկը ծրագրում է կտրուկ ավելացնել ավանդների ծավալն ու փոքր եւ միջին բիզնեսի վարկավորումը եւ այդ նպատակով մտադիր է միջոցներ ներգրավել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից /ՎԶԵԲ/ եւ այլ միջազգային ֆինանսական կառույցներից: Tweet Դիտում՝ 16514