Երեւան /Մեդիամաքս/. Բորսայական առեւտրի հնարավորությունների ընդլայնմանն ուղղված իր գործունեության շրջանակներում NASDAQ OMX Armenia-ն Հայաստանի ֆոնդային ֆորսայում /ՀՖԲ/ գործող առեւտրային համակարգի հիման վրա գործարկել է կորպորատիվ արժեթղթերով կնքվող ռեպո պայմանագրերի համար նախատեսված բորսայական հարթակը, ինչպես նաեւ հասցեական գործարքների մեխանիզմը: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են NASDAQ OMX Armenia-ի մամլո ծառայությունում, նշված մեխանիզմների ներդրումը կապված է արժեթղթերի շուկայի երկու խոշոր հատվածներում գործարքների կատարման հետ: Ռեպո գործիքներով առեւտուրը, որը նախկինում իրականացվել է անմիջականորեն բանկերի եւ ներդրումային ընկերությունների միջեւ, բորսայական առավել երկար սպասված նոր ծառայություններից է: Ռեպո եւ հակադարձ ռեպո գործարքները շուկայի մասնակիցներին հնարավորություն են ընձեռում արժեթղթերի գրավադրմամբ ստանալ դրամական միջոցներ, եւ հակառակը: Ռեպո պայմանագրերի համար այժմ գործող բորսայական հարթակը պարզեցնում է գործարքների կնքման գործընթացը` դարձնելով այն ամբողջովին ավտոմատացված եւ առավել ապահով, ինչպես նաեւ հնարավորություն է տալիս զգալիորեն կրճատել գործարքի կնքման համար պահանջվող ժամանակը: Հասցեական առեւտրի մեխանիզմի ներդրմամբ NASDAQ OMX Armenia-ն հնարավորություն է ստեղծում մասնավոր գործարքների կնքումն իրականացնել բորսայի առեւտրային համակարգի միջոցով: Այսպիսով, այն գործարքները, որոնք առավել հավանականությամբ կկնքվեին արտաբորսայական շուկայում, այժմ կարող են կատարվել հասցեական գործարքների մեխանիզմով` բորսայի կանոններին համապատասխան: Այս մեխանիզմը գործարքների կողմերի համար ապահովում է ավելի բարձր ճկունություն եւ արդյունավետություն: ՀՖԲ անդամ բոլոր ներդրումային ընկերություններն ու բանկերը նշված նոր մեխանիզմների գործարկման պահից եւեթ հնարավորություն են ստանում առեւտուր իրականացնել դրանց միջոցով: Ռեպո գործիքների եւ հասցեական գործարքների առեւտրային նստաշրջաններն անցկացվում են յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 11:00-ից մինչեւ 15:00-ն: Tweet Դիտում՝ 11198