Հայաստանի կառավարության եւ Հնդկաստանի կառավարության միջեւ ստորագրվել է մաքսային հարցերով համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին համաձայնագիր։ Համաձայնագրով հիմքեր են ստեղծվում կողմերի միջեւ մաքսային բնագավառում փոխգործակցության հնարավորությունների ընդլայնման եւ ամրապնդման, ինչպես նաեւ փոխադարձ վարչական օգնության ցուցաբերման եւ այդ նպատակով տեղեկատվության փոխանակման ընթացակարգերի սահմանման համար։ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) հայտնել են, որ հունիսի 22-ից 24-ը Բրյուսելում Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) խորհրդի 141-րդ եւ 142-րդ տարեկան նստաշրջանների շրջանակում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել Հնդկաստանի, Ճապոնիայի եւ ԱՄՆ գործընկերների հետ։Ճապոնիայի ֆինանսների նախարարության Մաքսային եւ սակագնային բյուրոյի գլխավոր տնօրեն Քենջի Սուազոնոյի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Ճապոնական կողմը ներկայացրել է ուղեւորային մաքսային հսկողության նորարարական մեթոդները եւ փոստային առաքանիների նկատմամբ մաքսային վարչարարության առանձնահատկությունները։ ԱՄՆ մաքսային եւ սահմանային պաշտպանության գործակալության (CBP) պատվիրակության հետ հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջեւ մաքսային մարմինների փոխադարձ օգնության մասին համաձայնագրի փոխհամաձայնեցման ընթացքը եւ կարեւորել վերջինիս շուտափույթ ստորագրման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ ուրվագծել հետագա համագործակցության հեռանկարները: Tweet Դիտում՝ 1800